Ռուսաստանը “փորձարկում է” ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը. Լեհաստանում խոցվել են ռուսական անօդաչուներ

  • 12:08 10.09.2025

Սեպտեմբերի 10-ի գիշերը, երբ Ռուսաստանը սկսեց անօդաչուներով զանգվածային հարձակումը Արևմտյան Ուկրաինայի վրա, Լեհաստանը մի քանի անօդաչու խոցեց իր տարածքում։ Լեհական զինվորականները միջադեպը որակեցին «ագրեսիայի ակտ», իսկ վարչապետ Դոնալդ Տուսկը հրավիրեց կառավարության արտակարգ նիստ։

Լեհաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ անօդաչու թռչող սարքերը բազմիցս խախտել են երկրի օդային տարածքը Արևմտյան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարվածի ժամանակ։

Ռադարները հայտնաբերել են տասնյակից ավելի օբյեկտներ, և նրանք, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել, «չեզոքացվել են», – ասացին զինվորականները՝ Լեհաստանի օդային տարածքի խախտումը անվանելով «աննախադեպ մասշտաբի»։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ ինքը «մշտական ​​կապի» մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ։

Տուսկը նշեց, որ սա ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ռուսական անօդաչու սարքեր են խոցվում դաշինքի տարածքում։ Նա հավելեց, որ բոլոր դաշնակիցները միջադեպին չափազանց լուրջ են վերաբերվել։

ՆԱՏՕ-ն անօդաչու սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը չի համարում հանրապետության վրա հարձակում, գրում է Reuters-ը՝ հղում անելով դաշինքի աղբյուրին։

Լեհաստանի տարածքային պաշտպանության ուժերին խնդրել են պատրաստ լինել հնարավոր զորակոչին ստանդարտ ընթացակարգից կարճ ժամանակահատվածում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

ԱՄՆ-ում դեմոկրատ սենատոր Դիկ Դուրբինը հայտարարել է, որ ռուսական անօդաչուների կողմից ՆԱՏՕ-ի օդային տարածքի բազմակի խախտումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձարկում է մեր վճռականությունը՝ պաշտպանելու Լեհաստանը և Բալթյան երկրները»։

Ավելի վաղ Լեհաստանը հայտարարել էր, որ հինգշաբթի տեղական ժամանակով կեսգիշերին կփակի Բելառուսի հետ սահմանը՝ այնտեղ Ռուսաստանի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պատճառով։

Ռուս-բելառուսական «Զապադ» լայնածավալ զորավարժությունները մտահոգություն են առաջացնում ՆԱՏՕ-ի հարևան անդամ երկրներում՝ Լեհաստանում, Լիտվայում և Լատվիայում։

Եվրամիությունը չի բացառում, որ ռուսական անօդաչուների ներխուժումը Լեհաստանի օդային տարածք չորեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ի գիշերը, միտումնավոր է եղել։ «Կան նշաններ, որ դա արվել է միտումնավոր, և ոչ թե սխալմամբ», – գրել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bluesky սոցիալական ցանցում։

Նա միջադեպը անվանել է «Եվրոպական օդային տարածքի ամենալուրջ խախտումը Ռուսաստանի կողմից պատերազմի սկզբից ի վեր»։ «Ռուսաստանի պատերազմը սրվում է, ոչ թե ավարտվում։ Մենք պետք է բարձրացնենք գինը Մոսկվայի համար, մեծացնենք աջակցությունը Ուկրաինային և ներդրումներ կատարենք Եվրոպայի պաշտպանության մեջ», – ընդգծել է Կալլասը։

Ռուսաստանը փորձարկում է ՆԱՏՕ-ի և «5-րդ հոդվածի» ուժը՝ իրականացնելով «անմեղ» ագրեսիայի գործողություններ։ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է 5-րդ հոդվածը չկիրառելու համար, մասամբ այն պատճառով, որ Դաշինքի որոշ անդամներ, այդ թվում՝ Հունգարիան, Թուրքիան և նույնիսկ Միացյալ Նահանգները, կարող են վետո դնել հոդվածի կիրառմանը։ Վերլուծաբանները նշում են, որ եթե Ռուսաստանը համոզվի, որ ՆԱՏՕ-ն չի պաշտպանի իր անդամ պետությունների անվտանգությունը, Ռուսաստանի կողմից Բալթիկան «վերադառձնելը» կդառնա ժամանակի հարց։