Արցախի բնակիչ Մերի Ղարայանի գործով հերթական դատական նիստը Վարչական դատարանում տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին։ Այս գործը հայտնի է, որպես արցախցիների քաղաքացիության վերաբերյալ գործ, որի շուրջ համախմբվել են մի խումբ արցախցիներ։ Մերի Ղարայանի կողմից դատարան ներկայացված հայցի հիմքում այն պահանջն է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել հայցվոր Մերի Ղարայանին։
2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում 120 հազար արցախցի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում է եղել նաեւ Մերի Ղարայանը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Արցախի բնակիչ Մերի Ղարայանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։
Մերժման հիմքը հետեւյալն է․ «ԼՂ-ից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման երկրորդ կետով սահմանված է, որ տվյալ որոշումը չի տարածվում որոշման առաջին կետում նշված, բայց այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։ Հիմք ընդունելով վերանշյալ իրավական կարգավորումները եւ հաշվի առնելով, որ դուք հադիսանում եք ՀՀ քաղաքացի, կառավարության որոշման շրջանակներում ձեզ ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են»։
Այնինչ, արցախցիները խնդում են, որ իրենք հանդիսանում են ՀՀ քաղաքացի, այդ հարցը չի էլ քննարկվում։ Իրենց հայցն այն մասին է, որ տարանջատում է դրվել բռնի տեղահանված տարբեր անձանց միջեւ, եւ կոնկրետ այս դեպքում անձին փախստականի կարգավիճակ չի տրվել, թեպետ նա 2023 թվականին բոլոր արցախցիների հետ բռնի տեղահանվել է։ Այսինքն՝ մարդն ապրել է Արցախում, տուն է կորցրել, բռնի տեղահանվել, եկել է Հայաստան, եւ իրեն այդ կարգավիճակը չեն շնորհում։
Արցախցիներն այդ դատավարության ընթացքում նաեւ շեշտադրում են այն հանգամանքը, որ իրենք ՀՀ քաղաքացի են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման համաձայն։
Մերի Ղարայանի ներկայացուցիչ Մարատ Եգանյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի կողմից նիստերը ձգձգելու միտում են նկատում։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել այս տարվա մարտին, իսկ հաջորդը նշանակվել էր հոկտեմբերին։ Մարատ Եգանյանի ներկայացրած միջնորդությունից հետո միայն դատարանը որոշել էր նիստը նշանակել սեպտեմբերի 9-ին։
Մարատ Եգանյանն ասաց, որ երեկվա նիստում դատավորն անընդունելի վերաբերմունք է դրսեւորել իրենց նկատմամբ եւ խախտել է իր վստահորդի հրապարակային դատավարության իրավունքը։ Դատավորը թույլ չի տվել, որպեսզի Մերի Ղարայանի ներկայացուցիչ Մարատ Եգանյանը ներկայացնի իրենց առարկությունները՝ դատավորի վարքագծի վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ, ըստ Եգանյանի, իրենք միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի դատարանը պարտավորեցներ, որ նախքան դատավարության ավարտը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը Մերի Ղարայանին հաշվառի, որպեսզի նա կարողանա սոցիալական աջակցություններից օգտվել։ Այդ մասին իրենք հիմքեր են ներկայացրել, բայց այդ հիմքերը դատարանի որոշման մեջ տեղ չեն գտել։ Առարկությունները գրավոր են փոխանցել դատավորին։
«Այսինքն՝ դատավորն իր վարքագծով խախտել է իմ վստահորդի հրապարակային դատավարության իրավունքը։ Սա չտեսնված բան է, այն, ինչ տեղի ունեցավ երեկվա նիստում, սարսափելի երեւույթ էր»,- ասաց նա։