«Գաղտնի չի պահվում, քննարկել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հանդիպումից հետո ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, երբ հայտնի դարձավ հանդիպման մասին, ՀՅԴ երիտասարդները հայտարարեցին, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ՀՅԴ-ականների ակցիային, ասաց․ «Սա շատ տիպիկ է Դաշնակությանը՝ անել մի բան, որն անիմաստ է, ուշացած եւ հիմնված կեղծ տեղեկությունների վրա։ Նախ այդ պիկետը պետք էր անել մի երկու ժամ շուտ, երկրորդ, պետք էր անել ԱԳՆ-ում, ոչ թե կառավարությունում, որովհետեւ ԱԳՆ շենքում էր մեր հանդիպումը։ Երրորդ՝ այդ պիկետի բովանդակությունը հետեւյալն է, որ բանակցությունների առարկան գաղտնի է պահվում հանրությունից։ Գաղտնի չի պահվում, ժողովուրդ, ջան, քննարկել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հանդիպման արդյունքով էլ մոտակա ժամերի ընթացքում մամուլի հաղորդագրություն կունենանք»։