Ըստ երևույթին, Հայաստանի իշխող կուսակցությունը սկսում է գիտակցել արցախցիների ընտրական ներուժը և փորձում նրանց իր կողմը գրավել։
Ստեփանակերտի մեդիա ակումբը քննարկումներ է անցկացնում, որոնց ընթացքում նշվում է արցախցիների մասնակցության կարևորությունը ՀՀ-ում կայանալիք տեղական ինքնակառավարման և համապետական ընտրություններին։ “Ստեփանակերտ” մեդիա ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը վստահ է, որ արցախցիները «կարող են ներգրավվել Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի գործունեության մեջ, մասնակցել տեղական ինքնակառավարման և համապետական ընտրություններին և, դրանց արդյունքների հիման վրա, ներգրավվել տարբեր ատյաններում և, համապատասխանաբար, ավելի շատ հնարավորություններ ստանալ սեփական խնդիրների լուծումները խթանելու համար։ Սա, իր հերթին, կօգնի չեզոքացնել անիմաստ խոսակցությունները արցախյան կոլեկտիվ համայնքի՝ որոշակի քաղաքական շրջանակներին իբր կապվածության մասին»։
Արցախի հասարակությունն իսկապես «կապոըմ են» ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի, ինչպես նաև ռուսամետ ուժերի հետ, չնայած արցախյան հասարակությունում երբեք հստակ ռուսամետ տրամադրություններ չեն եղել, և ղարաբաղցի նախագահների նկատմամբ վերաբերմունքը կարելի է անվանել ավելի շուտ բացասական, քան դրական։
Հայաստանի իշխող կուսակցությունը և նրա քարոզիչները փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես արցախցիները բացասաբար են վերաբերվում Քաղպայմանագրին՝ «ռուսամետության», «ռևանշիզմի» և «ղարաբաղյան կլանի» նկատմամբ հակվածության պատճառով։ Չնայած արցախցիների կողմից իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մերժումը ջրի երեսին է՝ դա Փաշինյանի քաղաքականությունն է Արցախի և արցախցիների նկատմամբ, որի արդյունքները ակնհայտ են։
Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի իշխանությունները արցախցիներին վերաբերվում են որպես բորոտների՝ նրանց մոտ չթողնելու սկզբունքով։ Այժմ, երբ շատ արցախցիներ ստացել են ընտրություններին մասնակցելու իրավունք, և որոշ համայնքներում նրանց ձայները կարող են վճռորոշ լինել, իշխող կուսակցությունը որոշել է սկսել «աշխատել» արցախցիների հետ։ Ի վերջո, նույնիսկ արցախցիների «մեկուսացումը» կարող է աշխատել իշխող կուսակցության դեմ։
Առաջինը, ով խախտեց «կարանտինը», Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն էր, ով մտադիր է մասնակցել ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրից»։ Վերջերս նա հանդիպում էր հրավիրել արցախցիների հետ, որին մասնակցել է նաև արցախցի գործիչ Լիաննա Պետրոսյանը։
Չնայած Պետրոսյանը վերջերս հանդիպումներ է ունեցել Աբովյանի և մի շարք այլ համայնքների ղեկավարության հետ, իսկ Արգիշտի Մեխակյանն ինքը պնդում է, որ արցախցիների հետ հանդիպումը որևէ կապ չի ունեցել ընտրարշավի հետ, բայց հետհամը, ինչպես ասում են, մնացել է։
Հայկական լրատվամիջոցները գրում են, որ արցախցիները, չնայած եկել են հանդիպման, մտադիր չեն իրենց ձայները տալ «Քաղաքացիական պայմանագրին»։ Թեև հայտնի չէ, թե ում են տալու դրանք, և արդյո՞ք արցախցիներն իրենք կառաջադրեն իրենց թեկնածուներին։ Որոշ համայնքներում նրանք կարող են հեշտությամբ հաղթել։
Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիրը» աշխատում է Արցախի հանձնման մեղքը տեղափոխել խորհրդարանական ընդդիմության վրա՝, որպեսզի արցախցիներին «կտրի» ընդդիմությունից։ «Ղարաբաղցի նախագահները» մեղադրվում են երկու տարի առաջ արցախցիների՝ Բաքվի հետ ուղիղ բանակցությունները վիժեցնելու մեջ, ինչի արդյունքում արցախցիները այժմ ոչ թե իրենց տանն են Ստեփանակերտում, այլ Երևանում կամ Էջմիածնում են։
Նրանք հարցնում են. ի՞նչ կանեն ընդդիմադիր կուսակցությունները, եթե իշխանության գան գոնռ հինգ րոպեով՝ կխաթարե՞ն խաղաղությունը և կրկին պատերա՞զմ կսկսեն։ Արդյո՞ք սա կօգնի վերադարձնել Արցախը, թե՞ կհանգեցնի Հայաստանի կորստի։
Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանում ոչ մի ընդդիմադիր ուժ բացահայտորեն կոչ չի անում վրեժխնդրության, դեմ չի արտահայտվում խաղաղությանը և չի պահանջում Արցախի դեօկուպացիան։ Ընդդիմությունը խոսում է արցախցիների անհասկանալի վերադարձի մասին, ինչին «Քաղաքացիական պայմանագիրը» հակադարձում է, որ վերադարձն այժմ անհնար է։
Ընտրությունների ժամանակ արցախցի ընտրողների համար իսկապես դժվար կլինի կողմնորոշվել։ Թե՛ նյութական շահը, թե՛ հուզական տրավման կարող են դեր խաղալ։ Սակայն ակնհայտ է, որ սկսվել է ղարաբաղցիների «որսը»։