Կբացվի՞ արդյոք գլոբալ հակամարտության նոր ճակատ՝ իսրայելա-մուսուլմանական

  • 09:23 15.09.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը երկօրյա այցով ժամանեց Իսրայել՝ քննարկելու Գազայի հակամարտության ապագան և պատանդների ազատ արձակումը: Ռուբիոն կրկին արտահայտեց իր դժգոհությունը Կատարում Համասի առաջնորդների վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ, սակայն ասաց, որ միջադեպը չի վնասի երկու երկրների միջև հարաբերություններին, որոնք մնում են ամուր։

Ռուբիոն կրկնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը, որ բոլոր իսրայելցի պատանդները միաժամանակ ազատ արձակվեն և Համասը պարտվի։

Ռուբիոն, որը բարեպաշտ կաթոլիկ է, և Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին, որը ավետարանչական բողոքական քահանա է, Նեթանյահուի հետ կիպաներ հագան և լուռ աղոթեցին, դիպչելով Արևմտյան պատին։

Երկուշաբթի օրը Կատարը կհյուրընկալի արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողով՝ հետագա գործողությունները քննարկելու համար: Վերլուծաբանները գագաթնաժողովն անվանում են «Կատարի կողմից Իսրայելի տակ տեղադրված ռումբ»: Մինչ օրս արաբական միապետությունները բավականին լոյալ են եղել Իսրայելի գործողություններին Գազայում, Աբրահամյան համաձայնագրերը մնում են ուժի մեջ, ավելին, որոշ արաբական երկրներ, նաև Թուրքիան, գաղտնի օգնում են Իսրայելին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վերջերս ընդունեց մի բանաձև (չնայած ԱՄՆ-ն և 9 երկիր դեմ էին դրան), որի համաձայն պետք է լինի երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, թեև առանց Համասի: Սակայն Իսրայելի կառավարությունը պնդում է, որ եթե Պաղեստինը ճանաչվի, Իսրայելի գոյությունը կվտանգվի։

Ի՞նչ կորոշվի արաբա-իսլամական գագաթնաժողովում: Կբացվի՞ արդյոք գլոբալ հակամարտության նոր ճակատ՝ իսրայելա-մուսուլմանական: Ներկայիս աշխարհակարգը կոչվում է քրիստոնեա-հրեական՝ իսլամական աշխարհի հետ լավ հարաբերություններով: Սակայն “եռանկյունին” կարող է փոխվել, նաև խոշոր այլ “անկյունների” հայտնվելուց հետո: