Արցախցի դպրոցահասակ երեխաներին աջակցելու նախաձեռնությանը միացել են մոտ 300 անձինք ու կազմակերպություններ, երեխաներն ապահովվել են հագուստով, գրենական պիտույքներով, պայուսակներով։
Արդեն 5 տարի է՝ արցախցի Սայիդա Պողոսյանը եւ իր ընկերները իրականացնում են այս նախաձեռնությունը։ Սայիդա Պողոսյանը step1.am-ի ասում է, որ նախաձեռնությանը միացել են նաեւ Ռուսաստանում ու եվրոպական երկրներում բնակվող հայերը, այդ թվում՝ բռնի տեղահանված արցախցիները։
Սայիդա Պողոսյանը պատմեց, որ Սփյուռքից Հասմիկն իր ընկերների հետ եկել էր Հայաստան՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղը դիտելու, բայց իրենց տոմսերը վաճառել են ու արցախցի երեխաների համար հագուստ գնել՝ ուղարկելով սահմանամերձ գյուղեր։ Սայիդա Պողոսյանի խոսքով՝ կարեւոր է, որ մարդիկ անտարբեր չեն այս նախաձեռնությանը։ Կա տարածված կարծիք, թե հասարակությունն անտարբեր է, իսկ Սփյուռքի հայերը հիասթափված են, չեն ուզում առնչվել Հայաստանի հայերի հետ։ «Բայց ճիշտ կազմակերպման ու բաց աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք այս արդյունքը»,- ասաց նա։
«Այս աջակցությունը հավաքվելով՝ 900 երեխայի համար դարձել է գրենական պիտույք, պայուսակներ, հագուստ եւ հույս։ Մենք չէինք սպասում, որ այս արդյունքը կունենայինք։ Աջակցությունը ուղարկվել է Հայաստանի տարբեր մարզեր, այդպիսի մարզ չի եղել, որ չկարողանանք հասնել։ Իհարկե, ունեցել ենք համայնքներ, որտեղ երեխաներն ապահովված են եղել, օրինակ, Մեծ Մասրիկը, այնտեղից ոչ մի ծնող մեզ չի դիմել»,- ասաց նա։
Ըստ Սայիդա Պողոսյանի՝ դեռեւս գրանցված է 200 երեխա, ովքեր հագուստի, գրենական պիտույքների կարիք ունեն, նրանք հիմնականում սահմանամերձ գյուղերից են։ Արցախցի ամենաշատ երեխաները գրանցված են Գորիսում, այնտեղ աջակցություն է հատկացվել մոտ 200 երեխայի, բայց դեռ կան կարիք ունեցողներ։ Սայիդա Պողոսյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը շարունակական է, ովքեր ցանկանում են, ամբողջ տարվա ընթացքում կարող են օգնել արցախցի երեխաներին հագուստով ու գրենական պիտույքով։
«Հագուստի, կոշիկի, պայուսակի կարիք ունեն, մենք գիտենք, որ մարզերում խոշորացված համայքներում երեխաները շատ երկար են քայլում՝ օրվա մեջ 2, 3, 5 կմ, դրա հետեւանքով կոշիկները շուտ են մաշվում։ Ունեցանք մի ընտանիք, որ 9 երեխա ունեին, մաքուր ու կոկիկ հագնված եկել էին գրենական իրերը ստանալու։ Եվ դա մեզ ավելի է պարտավորեցնում։ Նաեւ դեպք եղավ, երբ մայրը հեռավոր բնակավայրից եկելն էր, որ ստանար երկու պայուսակ։ Չեմ կարողանում նկարագել զգացողություններս, ինչո՞ւ պետք է մենք հասնենք այն օրվան, որ ծնողը, որը կորցրել է իր զավակին կամ կինը, որը կորցրել է իր ամուսնուն, այդպիսի մեծ դժվարություններով գա հասնի, ստանա ընդամենը երկու պայուսակ կամ գրենական իրեր։ Իհարկե, իրենք գնահատում են մեր կատարած հսկայական աշխատանքը, եւ հենց դա էլ մեզ պարտավորեցնում է, որ շարունակենք օգնել։ Միայն համախմբման շնորհիվ է հնարավոր այդ ամենն անել, իսկ մենք այդ արդյունքն ունենք»,- նշեց Սայիդա Պողոսյանը։
Ռոզա Հովհաննիսյան