2023-ի սեպտեմբերի հենց այս օրը Սվետլանան զանգահարել եւ սրճի էր հրավիրել ինձ

  • 18:32 16.09.2025

2023 սեպտեմբերի կեսերին (կարծեմ՝ հենց այս օրն էր) Սվետլանան զանգահարել եւ սրճի էր հրավիրել: «Սրանք լավ էլ հարուստ են ապրում», մտածեցի ես ու քայլեցի դեպի Ստեփանակերտի մամուլի ակումբ:

Բլոկադայի վերջին օրերն էին եւ իրոք ոչ մի բան հնարավոր չէր գտնել (ղարաբաղցու ասած` սոտը, ղորթը պռծած էր):

Մամուլի ակումբը հանգրվանել էր քաղաքի հին տներից մեկում, որի նկուղում ես որոշել էի լրագրության թանգարան սարքել: Հաստատ լավ գաղափար էր. թերթի տիրաժը, հին ստեղնաշարեր ու մոնիտորներ, տանտիրոջ սովետից մնացած իրերը եթե համադրվեր` գոնե հետաքրքիր վայր կդառնար ուսանողների համար, ովքեր գալիս էին խմբագրի մոտ պրակտիկա: Ինչեւէ, նկուղն այդպես էլ գինու «թանգարան» մնաց, որը ձաձ Ռուդիկը պատրաստում էր բակի մուսկաթ խաղողից:

Միջանցքում սեղանի վրա 5լ ջրի տարաներ էին շարած: «Ստեղ էլ չի ջուր կա», մտածեցի ես:

– Գնա հարեւանից մի հատ էլ խնդրի այս տարաներից, կաթ են բերելու, որ Արեւ տոտայի հետ կիսես, ասում է Սվետլանան:

– Չեմ կարողանալու տանել, տուն չեմ գնում, – ասում եմ ես։

– Քեզ ասում եմ գնա, տարա բեր, – «ջղայնանում է» Սվետլանան:

«Վերջին օրերին» գյուղացիներն ինչ կարողացել էին, վերցրել Ստեփանակերտ էին եկել: Շատ տարօրինակ էր ստացվում. ասենք բոլ-բոլ միս կա, բայց հաց չկա: Մի տեղ էլ հաց է գտնվում, միսը չկա, մի տեղ ոչ մեկը կա, ոչ մյուսը: Անգամ շուկայի մոտի Any food-ի լոբու հոտով ու խոշոր աղի նման այլուրով պեռաշկիներն էին վերացել:

Ինչեւէ, մինչեւ կոֆեն սեղանին հնդկաձավար, կարծեմ նախորդ օրվանից մնացած կառտոֆիլ ու մսի կտորներ էլ կար: Ես Սվետլանան, Ալբերտն ու Սամվելը համակարգիչների աթոռները մոտեցրել ենք Ծովիկի սեղաղնին ու օբեդ ենք անում (ոնց որ Խորհրդավոր ընթրիքը լիներ կիսամութ այս սենյակում): Կեր, չէ դու կեր, էս մի կտորն էլ վերցրու, չէ, ես կերա` դու վերցրու, սա թողնում ես ի՞նչ անես, – մեկս մյուսի վրա «մուննաթ» էինք գալիս:

Անկեղծ ասած, սրանից մի օր առաջ Կրիստինան ինձ ահագին հուսադրել էր, երբ ես նրանից հարցազրույց էի վերցնում. չնայած վերջին մակառոնն էր մատուցում երեխաներին, բայց ասում էր, որ նրանց խոստացել է՝ երբ խանութները կբացվեն, նա կտանի երեխաներին սուպերմարկետ եւ թույլ կտա որքան քաղցրավենիք ցանկանան` վերցնեն:

Երկու մետր ճանապարհ է մնացել, ինչպե՞ս կարող են նրանք Ստեփանակերտ չհասնել, ասում էր նա Բերձորում «խցանված» հայկական ու ֆրանսիական օգնության մասին:

Ոչ մի բաց խանութ չկար այլեւս: Էն օրն ընկերուհուս հետ անցնում էինք, ասում եմ՝ Աստված մի արասցե, եթե մի մարդ ուշաթափվի` ընկնի, մի կտոր հաց, մի շիշ ջուր հնարավոր չէ գտնել նրա համար: Հենց այդպիսի մի տեսարանի էլ ականատես եղա այսօր: Մի պապիկ աչքեներիս դեմ ընկել էր փողոցում սովածությունից: Ասում էր՝ ամբողջ օրը ոչ մի բան չեմ կերել, գլուխս պտտվում է: Ամբողջ երեսը առնաշաղախ էր, պատմում էր Կրիստինան: Հույս ունեմ, Կրիստինան իր խոստումը գոնե Կրասնոդարում կատարել է:

Սվետլանային ես ասացի, որ Կրիստինան երեկ ինձ ջեմի մի փոքրիկ տարայում «կոֆե» է նվիրել, որ նա պատրաստում էր սիսեռից: Հայտնի սիսեռիկան:

Այսպես վերջին կոֆեն խմեցինք, վերջին սիրենան ու եկեղեցու զանգերը լսեցինք ու մի քանի օր հետո գնացինք Գորիս:

Մարութ Վանյան