ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը կայցելի Աղդամ, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հայտարարությանը։
Նախարարությունը հավելել է, որ ԵՄ ներկայացուցիչը Բաքվում բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի նաև նախագահի, արտաքին գործերի նախարարի և էկոնոմիկայի նախարարի հետ՝ քննարկելու «ընդհանուր ռազմավարական շահերը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում»։
Դրանից մեկ օր առաջ Ալիևը և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը այցելել են օկուպացված Շուշի։ Նրանք ստորագրել են մի շարք փաստաթղթեր, սակայն շեյխը չի արձագանքել Ալիևի կոչերին՝ ներդրումներ կատարել «ազատագրված» Ղարաբաղում։ ԱՄԷ-ն մտադիր չէ ներդրումներ կատարել մի երկրներում, որտեղ լքված սեփականություն կա։
«Մենք անհամբեր սպասում ենք ձեռք բերված առաջընթացի և դրական զարգացումների շարունակմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այս առումով մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների պատրաստակամությունը՝ ցանկացած աջակցություն ցուցաբերելու տարածաշրջանում խաղաղության և անդորրության հաստատմանը, որպեսզի այնտեղ բնակվող ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության մեջ», – ասել է ԱՄԷ նախագահը։
Ալիևը բոլոր ջանքերն է գործադրում օկուպացված Արցախ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, սակայն համաշխարհային բիզնեսը սպասում է «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը՝ հասկանալով, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, որ Ալիևի իրավունքը՝ օկուպացնել Արցախը, կարող է վիճարկվել, և որ կարող են ճանաչվել ցեղասպանության սպառնալիքով Արցախից տեղահանված հայերի սեփականության իրավունքները։
Ալիևը շեյխին ցույց տվեց Քարին տակ գյուղը, որն ամբողջությամբ հողին էր հավասարեցվել, իսկ մեկ օր առաջ Ալիևը Հադրութում մզկիթ էր բացել՝ հայտարարելով, որ Հադրութի տների մեծ մասը բնակելի չէ և, հետևաբար, ենթակա է քանդման։
ԵՄ հանձնակատարը, ԱՄԷ նախագահը և ուրիշներ գիտեն, որ այս բոլոր տները պատկանում են հայերին և գիտեն, որ իրենք դառնում են ցեղասպանության հանցագործությունների մեղսակից։