Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարությունը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սանձազերծեց լայնածավալ պատերազմ ամբողջովին շրջափակված Արցախի դեմ։ Արցախյան մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի խոսքով՝ ադրբեջանական զինուժի հիմնական թիրախ են դարձել ոչ թե ռազմական օբյեկտները, այլ քաղաքացիական բնակչությունն ու հասարակական ենթակառուցվածքները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և դասվում է ռազմական հանցագործությունների շարքին։
Ավանեսովը ընդգծում է, որ պատերազմի հետևանքով Արցախը բռնազավթվեց, իսկ արցախահայությունը բռնի կերպով տեղահանվեց իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանից․ «Բաքվի բռնապետական վարչակարգը ոչ միայն իրականացնում է ցեղասպանություն, այլև նպատակաուղղված հարվածում է հայ ժողովրդի ինքնության հիմքերին»։
Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը աննախադեպ ծավալներով իրականացնում է Արցախի պատմամշակութային հուշարձանների համակարգված ոչնչացում․ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, բնակելի թաղամասեր, ամբողջական գյուղեր ու մշակութային կենտրոններ։
«Այս հուշարձանները միայն հայ ժողովրդի սեփականությունը չեն, այլ համաշխարհային քաղաքակրթության անքակտելի մասն են։ Նրանց ոչնչացումը դասվում է մշակութային ցեղասպանության ամենաաղաղակող օրինակներից մեկի շարքին»,- ասում է Ավանեսովը։
Նա հավելում է, որ փաստագրված դեպքերի ծավալը հնարավորություն է տալիս պնդելու․ Արցախում Ադրբեջանը իրականացնում է համաշխարհային մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը՝ որդեգրելով հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը վերացնելու ռազմավարություն։
Միաժամանակ, օմբուդսմենը մատնանշում է միջազգային հանրության անգործությունը․ «Միջազգային կառույցները շատ դեպքերում սահմանափակվում են ձևական հայտարարություններով՝ խուսափելով կատարվածը անվանել իր անունով՝ ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն։ Այս լռությունը ոչ միայն խրախուսում է Բաքվի հանցավոր քաղաքականությունը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում ապագա հանցագործությունների համար»։
Մարիամ Սարգսյան