Արցախի հարցը պետք է իրավական ճանապարհով պահել օրակարգում։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։
«Արցախի հարցը օրակարգ բերելը չի նշանակում, որ պետք է պնդում անել, որ վաղը կամ մյուս օրը ռազմական ճանապարհով ազատագրելու ենք Արցախը կամ էլ հաջորդ տարի Արցախում ենք լինելու։ Արցախի հարցն օրակարգ բերելը իրավական ճանապարհով պետք է լինի, ուրիշ ճանապարհ չկա, որովհետեւ եթե հետագայում Հայաստանը հնարավորություն ունենա անգամ ուժային ճանապարհով ինչ-որ հարց կարգավորելու, եթե չկա իրավական հիմք եւ չկա արձանագրված խնդրի գոյության փաստ, այդ ամենն ավելի դժվար է իրագործել»,- ասաց նա։
Աղաբեկյանը հավելեց, որ աշխարհի կողմից ճանաչվել է Արցախի էթնիկ զտումը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը ստեղծել էր Մինսկի խումբը, որը պետք է լուծեր Արցախի հիմնախնդիրը։
«Այն իշխանությունը, որը պետք է հաջորդի Փաշինյանին, իր առջեւ պետք է խնդիր դնի՝ առնվազն միջազգային իրավական տեսանկյունից հարցի գոյության իրավունքն ապահովելու։ Եթե հարցի գոյության իրավունքը չես ապահովում, ուրիշ որեւէ մեկից ինչ-որ բան պահանջելու բարոյական իրավունք էլ չունես»,- նշեց նա։
Աղաբեկյանը հավելեց, որ ՀՀ իշխանության կողմից այսօր ամեն ինչ արվում է՝ մերժման քաղաքականությունը մինչեւ վերջ տեղ հասցնելու համար․ «Առնվազն այն փաստը, որ այսօր ամսի 19-ն է, եւ մենք որեւէ իշխանական պաշտոնյա չենք տեսնում Եռաբլուրում, արդեն ամեն ինչ ասում է»։