Ամեն անգամ, երբ Եռաբլուր ենք գնում, որդուս և Տիգրանի շիրմաքարերը թարմ ծաղիկներով են պատված

  • 14:36 19.09.2025

Օրս լուսանում ու մթնում է Արսենիս հետ։ Որդուս կորցնելուց հետո իմ տեղը չեմ գտնում, ու երբեմն թվում է, թե ապրելս բոլորովին իմաստ չունի փորձում եմ ուժ հավաքել, որ դստրերիս ու ամուսնուս կարողանամ թիկունք լինել։ Երևի Աստված շատ համարեց իմ երջանկությունը, իր մոտ տարավ մինուճար որդուս,-ասում է 2023-ի սեպտեմբերի 19-ին զոհված Արսեն Առստամյանի մայրը՝ Մարգարիտան։

Մինչև Արցախյան վերջին պատերազմն ու չարաբաստիկ տեղահանությունը, Առստամյանների ընտանիքն ապրում էր երջանիկ կյանքով։ Ստեղծող ու արարող այս ընտանիքում դաստիարակվում էին երեք երեխաներ՝ Արսենը, Աննան ու Մարիամը։ Սակայն սեպտեմբերի 19-ը քարուքանդ արեց ընտանիքի խաղաղ անդորրը։

Ընտանիքի առաջնեկն էր Արսենը․ աշխույժ, կարմրաթշիկ, ծիծաղկոտ ու բարի աչքերով։ ։ Յուրահատուկ, մեծավարի քայլվածք ուներ, ասես ասում էր՝ մեծանամ, կտեսնեք, թե ի՜նչ մեծ մարդ եմ դառնալու։

Արսենը սովորել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ուսման հետ մեկտեղ հաճախել է Ասկերանի արվեստի դպրոցի դհոլի բաժինը։ Նրա մեջ սեր էր նկատվում նաև սպորտի հանդեպ։ Սիրողական զբաղվում էր բռնցքամարտով ու լողով։ Հիմնական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի Գրիգոր Լուսավորչի անվան քոլեջը, ապա ուսումը շարունակել Գրիգոր Նարեկացի համալսարանի ֆիզկուլտուրայի և ռազմագիտության բաժնում։

Արսենի մանկությունն ու պատանեկությունն անցել է մի այնպիսի միջավայրում, որտեղ մշտական թեման հայրենիքի հանդեպ սերն էր։ Փոքրուց սիրում էր նստել մեծերի (Արցախյան պատերազմի վետերաններ) մոտ ու լսել նրանց պատմությունները, որոնք կապված էին Արցախյան պատերազմների, հայոց պատմության ու հայրենիքի պաշտպանության հետ։ Բոլոր պատերազմներում նրա հարազատներից զոհեր են եղել։ Արսենի համար հերոսության կերպար էր հայրը, ով երկար տարիներ ԱՀ ՊԲ-ում ծառայում էր որպես ականազերծող և 2000 թվականին ականազերծման ժամանակ, պայթելով ականի վրա, կորցրել է աջ ոտքը։

2023-ի հունվարի 9-ին Արսեն Առստամյանը զորակոչվել ԱՀ ՊԲ շարքերը։ Ծառայում էր Ասկերանի հայտնի D20 դիրքում։ Հրետանավոր էր։ Վեց ամիս հետո շարունակել է զինծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող։ 9 ամսվա ծառայող էր, երբ Արցախում կրկին պայթեց պատերազմը։

Մայրը պատմում է

-Երբ սկսվեց պատերազմը, ավագ դուստրս դպրոցում էր, փոքրը՝ մանկապարտեզում, իսկ Արսենը՝ դիրքերում։ Ասկերանի շրջակայքն ուժգին հրետակոծվում էր։ Երկինքը դղրդում էր․ թվում էր, թե ուր որ է՝ փուլ կգա։ Չէի կարողանում ոտքերս շարժել, որ երեխաներիս տեր կանգնեմ։ Որոշ ժամանակ հետո բոլորս հավաքվեցինք մեր շենքի նկուղում։ Մարդիկ խուճապի մեջ էին․ հրետակոծությունները ոչ մի րոպե չէին դադարում։ Կեսօրից հետո հրահանգ եկավ, որ պետք է տարհանվենք Ասկերանից և ռուս-խաղաղապահների միջոցով մեկնեցինք Ստեփանակերտի օդանավակայան։ Այնտեղ լսեցի, որ որդիս վիրավորվել է։ Զանգեցի ամուսնուս, սակայն նա չպատասխանեց։ Հետո իմացա, որ Արսենի մոտ էր․ սպասում էր մեր որդու վիրահատության ավարտին։ Արսենը վիրավորում էր ստացել ոտքերի շրջանից։ Վիրահատության ժամանակ տղայիս սիրտը չի դիմացել։ Դիրքի 7 տղաներից 6-ը զոհվել են՝ հայտնվելով անօդաչու թռչող սարքի թիրախում։ Ինչպես եմ ապրում, չգիտեմ, միայն մի բան գիտեմ, որ առանց որդուս իմ ամեն մի օրը պարզապես տանջանք է, կարոտ ու մրմուռ․․․

Սեպտեմբերի 19-ին զոհվել է նաև Արսենի հորաքրոջ որդին՝ Տիգրանը, ով ընտանիք էր կազմել ամիսներ առաջ։ Երկու եղբայր անմահացել են նույն օրը և սեպտեմբերի 29-ին հուղարկավորվել Եռաբլուրում։ Ավանեսյանների և Առստամյանների ընտանիքները կորցրել են մինուճար որդիներին, ովքեր պետք է օջախների շարունակողը լինեին։

-Երբ այցելում եմ Եռաբլուր և խոսում որդուս հետ, ինձ թվում է՝ նա լսում է ինձ։ Ամեն անգամ, երբ Եռաբլուր ենք գնում, որդուս և Տիգրանի շիրմաքարերը թարմ ծաղիկներով են պատված։ Արսենիս դասղեկ Լուսինե Խաչատրյանի գլխավորությամբ որդուս ընկերները միշտ այցելում են նրան։ Ուրախ եմ, որ հիշում են, գնահատում։ Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտներն ուսուցիչների, ծնողների հետ ևս այցելում են, հարգանքի տուրք մատուցում հերոսացած տղաներին։ Մատաղ սերունդը հայրենասիրական դասերը տղաների մոտ է անցկացնում։ Երախտապարտ եմ բոլորին։  Ցանկությունս մեկն է՝ թող ոչ մի մայր այլևս արտասուք չտեսնի ու երբեք չզգա՝ ինչ է որդի կորցնելը, ասում է Մարգարիտան։

-Արցախում մենք շատ նպատակներ ունեինք, որոնք կապված էին մեր երեխաների համար բարեկեցիկ կյանք ստեղծելու հետ։ Անընդհատ աշխատում էինք՝ մտածելով, որ Արցախում ենք ապրելու միշտ ու պետք է հենց այդտեղ ստեղծենք ու արարենք։ Ցավոք, Արցախյան պատերազմներից ոչ մեկն անտարբեր չի անցել մեր կողքով։ Սակայն ամեն անգամ կարողացել ենք ուժ հավաքել, առաջ շարժվել։ Այս անգամ ցավը շատ ավելի խորն է։

Բնակություն ենք հաստատել Երևանում։ Աննան սովորում է, Մարիամը այս տարի հաճախել է առաջին դասարան։ Երբ առաջին դասի ժամանակ ուսուցչուհին հարցրել է, թե երեխաներն ի՞նչ երազանք ունեն, բալիկս պատասխանել է՝ շուտ վերադառնանք Ասկերան և ապերներս էլ գան տուն։ Շատ եմ կարոտել նրանց։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ