2020 թվականի պատերազմից հետո Վաչե Վարդանյանը որոշեց տեղափոխվել Արցախ։
«Արցախ գնալս ինքնանպատակ չէր։ Աշխատում էի մի քանի տեղում, բայց տեղափոխվելը դարձել էր կարեւոր առաքելություն։ Գնում էի՝ օգնելու նպատակով, ինչով կարող էի», – հիշում է նա։
Արցախում ապրելը 2020-ից հետո հեշտ չէր։ «Չէի պատկերացնում, թե ինչ է ինձ սպասում։ Զինվորների հետ միասին ամեն ինչ անում էինք՝ դիրքեր գնում, օգնում։ Սկզբում նույնիսկ զինվորների հագուստ էի լվանում։ Բայց երբ տեսա, թե որքան շատ զոհվածների ընտանիքներ կան, հասկացա՝ պետք է գործել։ Կարմիր շուկայում ստեղծեցինք «Խոխա» կենտրոնը։ Հիմա որ հիշում եմ, հասկանում եմ՝ որքան սեր կար այն ժամանակ։ Երանի եմ տալիս այդ օրերին, թե որքան լիարժեք էի… Նկար էլ չեմ արել։»
Վաչեն տուն էր ուզում վարձել Սարուշենում։
«Վալյոն ասաց՝ պիտի գաս։ Նրանց տունը հենց սահմանին էր, ամենավերջինը։ Սկսեցի ապրել իրենց տանը՝ երեք երեխաների հետ։ Մնացինք միսենյականոց սրահում։ Երբ հաճախ ամաչում էի խնդրել, որ որեւէ զինվորի օգնենք, նա ավելի շուտ էր արձագանքում, պահանջում, որ բերենք տուն։ Մի քանի ամիս ապրեցի իրենց տանը։ Ամենամոտ հարազատիդ մոտ անգամ այդքան հանգիստ չես լինի»,- ասում է նա։
Սահմանային դարձած Սարուշենում Վաչեն եւ Վալյոն ապրում էին եղբայրների պես։ Ոչ մի հարազատ չուներ Արցախում, Վալյոի ընտանիքի անդամները դարձան իր լավագույն հարազատները, ընտանիքի անդամներ։
«Տարբեր դրդապատճառներով տեղափոխվեցի։ Եւ ամենակարեւորը հենց «Հայորդի» հիմնադրամն էր, որը ստեղծվեց, քանի որ բավարար ուշադրություն չէի տեսնում պետական կառույցների կողմից՝ առ զոհվածների ընտանիքները»,-աում է Վաչեն։
Վալյոի ընտանիքի հետ կապը միշտ կար, նույնիսկ այն ժամանակ, երբ Վաչեն ակտիվորեն իրականացնում էր հիմնադրամի աշխատանքները։
Եկավ չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը եւ ամեն ինչ փոխվեց։ Հանկարծակի սկսված պատերազմը եւ կապի բացակայությունը անորոշություն էին տարածում։
«Սարուշենի մասին երեւէ տեղեկություն չունեի։ Ամեն տեղից կցկտուր լուրեր լսում էի, բայց չգիտեի, թե ինչ վիճակում են իմ արդեն հարազատները։ Վալյոյից որեւէ տեղեկություն չկար, հեռախոսն անհասանելի էր։ Ես գիտեի, որ նա տեղը հանգիստ նստողներից չէ, որ նա հաստատ առաջնագծում կլինի»,-ասում է Վաչեն եւ մի կերպ զսպում արցունքները։
Վաչեն մի պահ լռում է։
«Պարզ դարձավ, որ Վալյոն զոհվել է։ Դա իմ կյանքի ամենամեծ հարվածն էր։ Արցախում ինձ սկզբում հեշտ չէին ընդունում։ Բայց նրա շնորհիվ ես ամբողջական ապրեցի։ Ես արդեն պլաններ ունեի, թե ինչպես տեղահանությունից հետո աշխատանք պիտի գտնեմ եւ ինչպես ես ընդունեմ իրենց։ Ընտանիքին չէին ասել, այդ ծանր լուրը ես պիտի ասեի»,-ասում է Վաչեն։
Ընտանիքին հայտնեց եւ ամեն ինչ արեց, որ Վալյոյի մարմինը տեղափոխվի Հայաստան։ Այդ ճանապարհը եւ պայքարը եւս շատ ծանր էր։
Վաչեն, որ ընտանիքի անդամ էր դարձել եւ հարազատ, հիմա փորձում է լինել մի կերպարում, որին Արցախում «ամի»՝ հորեղբայր են ասում եւ ոչ միայն Վալյոյի երեխաների համար դարձավ «ամի», այլ բոլոր այն տղաների, որոնք իրենց կյանքի գնով էին փորձում հայրենիք պահել։
Սարուշենում գտնված եղբայրությունն ու ցավով ամրացած կապերը Վաչեին սովորեցրին ամենակարևորը․ հողը պահվում է սիրով ու զոհողությամբ։ Իսկ այդ զոհողության հիշողությունը երբեք չի լքելու նրան։
Մարիամ Սարգսյան