Ցավ է․ արցախցիների շրջանում մեծացել են անժամանակ մահվան դեպքերը

  • 07:33 23.09.2025

Ապրեցե՛ք մարդիկ, գնահատեք ձեր առողջությունը

Երկու տարի է, ինչ արցախցին իր տանը չէ․ նա իր կամքին հակառակ հեռացել է իր երկրից։ Մի երկիր, որտեղ ամեն ինչ դրախտային էր։ Արցախում մարդիկ պարզապես երջանիկ էին և հոգ չէր, որ թշնամին ցանկացած բնակավայրից ընդամենը մի քանի հարյուր մետր էր հեռու, իսկ Արցախն էլ լիովին շրջափակման մեջ էր։ Ոչինչ չէր խանգարում, որ արցախցին իրեն լիարժեք երջանիկ զգար։

Բռնատեղահանությունից հետո արցախցիներից ոչ մեկն իր տեղը չի կարողանում գտնել, և օրեցոր կորստի ցավն ավելի է սաստկանում, իսկ երբ գումարվում է սոցիալական ծանր վիճակը, ապա մարդ պարզապես ի վիճակի չէ դիմանալ․ նա այլևս ուժասպառ է և պայքարելու ուժից զրկված։ Ցավն ու կարոտը մաշում են մարդկանց հոգիները։ Կարծում եմ՝ մեր հոգեբանները բավարար աշխատանք ունեն կատարելու տեղահանված արցախցիների հետ․ չէ՞ որ շատ դեպքերում հոգեկան առողջության քայքայումը բերում է ողբերգական հետևանքների։

Այնպես է ստացվել, որ տեղահանությունից ի վեր շարունակում եմ համակարգել <<Բերդ Թերթ>>  ֆեյսբուքյան էջը, որը հաղորդակցվելու լայն հարթակ է տեղահանված արցախցիների, ինչու չէ նաև հայաստանյան լսարանի համար։ Սոցիալական այդ էջը մարդկանց համախմբման, իրար ուրախություն, դարդ ու ցավ կիսելու, միմյանց մասին տեղեկություններ իմանալու տեղ է, որի ամեն մի գրառմանը մարդիկ սպասում են սրտի թրթիռով, իհարկե ակնկալելով միայն բարի լուրեր կարդալ։ Սակայն, ցավոք, շատ հաճախ նրանց սպասելիքները չեն արդարանում։ Վերջին ժամանակներս արցախցիների շրջանում մեծացել են անժամանակ մահվան դեպքերը․ մարդիկ մահանում են հանկարծակի։ Շատերի մոտ գրանցվում է սրտի կանգ, կամ էլ չեն կարողանում հաղթահարել հիվանդությունները։ Ցավալի փաստ է, որ արցախցիների շրջանում մահը երիտասարդացել է։

Ամեն անգամ, երբ հեռախոսահամարիս անծանոթ զանգ է գալիս, տագնապով եմ լցվում։ Մինչև պատասխանելը մտածում եմ՝ դարձյա՞լ երիտասարդ մարդու մահվան մասին եմ լսելու։ Շատ դեպքերում սիրտս չի սխալվում։ Իսկ գիտե՞ք՝ ինչքան դժվար է մահախոսական գրել, այն էլ այն մարդկանց մասին, ովքեր դեռ երիտասարդ կամ միջին տարիքի են և որոնց շատ լավ ես ճանաչում։

Ո՛չ, այլևս չեմ ուզում մահվան լուր հայտնել, բա՛վ է։ Ապրեցե՛ք մարդիկ, գնահատեք, պահպանեք ձեր առողջությունը։ Ինչքան էլ դժվար է, հաղթահարե՛ք դժվարությունները․ չէ՞ որ մենք անցել ենք մեծ արհավիրքների միջով ու դեռ մեծ նպատակ ունենք, որը պետք է իրականացնենք միասին։

Ապրեցե՛ք մարդիկ, թունելի վերջում միշտ էլ լույս կա։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ