Մոլդովայում խուզարկություններից հետո ձերբակալվել է 74 մարդ, որոնց կասկածում են ռուսական հետախուզության աշխատակիցների կողմից Սերբիայում՝ զանգվածային անկարգություններ և բռնություն հրահրելու համար մարզված լինելու մեջ։ Դա սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններից առաջ երկիրը անկայունացնելու փորձեր են, հաղորդում է IPN-ը։
«Կրեմլը հարյուր միլիոնավոր եվրոներ է ներդնում Դնեստրի երկու ափերին և արտասահմանում հարյուր հազարավոր ձայներ գնելու համար», – տեսաուղերձում ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ «Մարդիկ ամեն օր թունավորվում են ստերով։ Հարյուրավոր մարդիկ գումար են ստանում անկարգություններ, բռնություն հրահրելու և վախ սերմանելու համար»։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Ռուսաստանը գարնանը մշակել է Մոլդովայի ընտրություններին միջամտելու ծրագիր՝ Սանդուին իշխանությունից հեռացնելու և նրա կառավարության ԵՄ անդամակցության ջանքերը խափանելու նպատակով։
Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները կկայանան սեպտեմբերի 28-ին: Հարցումների համաձայն՝ երկրի իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը կարող է կորցնել խորհրդարանական մեծամասնությունը։
NewsMaker-ի հաղորդմամբ՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն իր ելույթում նշել է, որ Մոսկվան փորձում է Մոլդովան վերածել Ուկրաինայի Օդեսայի մարզ հնարավոր ներխուժման ցատկահարթակի։
«Այսօր ես ձեզ ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ մեր ինքնիշխանությունը, անկախությունը, ամբողջականությունը և եվրոպական ապագան սպառնալիքի տակ են», – ընդգծել է նա։
Մոլդովայի նախագահը զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ վերահսկողության հաստատումը աղետալի կլինի ոչ միայն մոլդովացիների, այլև ամբողջ տարածաշրջանի համար։
«Եվրոպան կավարտվի Մոլդովայի հետ սահմանին։ Եվրոպական միջոցները կանգ կառնեն Պրուտ գետի վրա։ Տեղաշարժի ազատությունը կարող է դադարեցվել։ Մեր հողը կարող է դառնալ Օդեսայի մարզ ներթափանցման ցատկահարթակ։ Մերձդնեստրյան տարածաշրջանը կապակայունացվի», – հայտարարել է Սանդուն։
Նա ընդգծել է, որ Կրեմլը գործում է տեղացի քաղաքական գործիչների և գործարարների միջոցով, որոնք պատրաստ են վաճառել երկիրը անձնական շահի համար։ Պետության ղեկավարը նշեց, որ իրենք չեն հավատում ո՛չ Քիշնևին, ո՛չ Բրյուսելին, բայց հավատում են փողին։