Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն նվաճեց «Ոսկե գնդակը»

  • 12:18 23.09.2025

«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացել է «Ոսկե գնդակին»` դա ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական ​​մրցանակն է, որը ամեն տարի շնորհվում է France Football շաբաթաթերթի կողմից, հաղորդում է BBC-ն։

Երկրորդ տեղը գրավեց «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլային հանճար Լամին Յամալը։ Որպես մխիթարություն և հավանաբար պայծառ ապագայի նախերգանք՝ հուլիսին 18 տարեկան դարձած Յամալը ստացավ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչև 21 տարեկան) Ռեյմոնդ Կոպայի մրցանակը։

Երրորդ տեղը գրավեց ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

Անցյալ մրցաշրջանում 28-ամյա Ուսման Դեմբելեն, ՊՍԺ-ի համար սովորական ներքին առաջնության և գավաթի տիտղոսներից բացի, ակումբի հետ նվաճեց Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև հասավ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։

Ուսման Դեմբելեն դարձավ վեցերորդ ֆրանսիացին, ով արժանացավ այս հեղինակավոր մրցանակին։ Նախկինում դափնեկիրների թվում են Ռայմոն Կոպան (1958), Միշել Պլատինին (1983, 1984, 1985), Ժան-Պիեռ Պապենը (1991), Զինեդին Զիդանը (1998) և Քարիմ Բենզեման (2022)։