Կայացավ “Ծնվել եմ Արցախում” ծրագրի անդրանիկ համերգը

  • 08:07 25.09.2025

Երեկ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում կազմակերպվել է <<Ծնվել եմ Արցախում>> ծրագրի անդրանիկ համերգը։

Դահլիճը լեփ-լեցուն էր երաժշտասեր հասարակությամբ։ Մարդիկ եկել էին ունկնդրելու պատանի երաժիշտների ելույթները, գնահատելու նրանց կատարողական վարպետությունը և երաժշտության հանդեպ անմնացորդ նվիրումը։

Համերգը մի յուրահատուկ ճամփորդություն էր դասական երաժշտության աշխարհ, որտեղ հանդիսատեսի առաջ իրենց առաջին սոլո ելույթներով ներկայացել են ծրագրի բոլոր 23 մասնակիցները։

Համերգը ոչ միայն երաժշտական իրադարձություն էր, այլև այն ճանապարհի խորհրդանշական արդյունքը, որը պատանիներն անցել են վերջին ամիսների ընթացքում՝ նոր իրականության մեջ շարունակելով իրենց երաժշտական կրթությունն ու նոր գիտելիքների ձեռք բերումը։

Արցախցի երաժիշտները մեծ պատասխանատվությամբ ու սիրով էին հանդես գալիս։ Նրանց համար այս օրը նշանակալից է, քանի որ համերգային ծրագրով առաջին անգամ են ներկայանում հանդիսատեսին, իսկ ծրագրի խորագիրը՝ <<Ծնվել եմ Արցախում>> ավելի մեծ հպարտություն է ներշնչում ու պարտավորեցնում լինել լավագույնը։

Պատանի երաժիշտների համերգը ծրագրի առաջին կարևոր մշակութային ելույթը դարձավ, որը կրկին ապացուցեց, որ ամենադժվար պայմաններում անգամ արվեստը շարունակում է մնալ ուժի, տոկունության և հույսի աղբյուր։

2023 թվականի բռնի տեղահանումից հետո նախաձեռնված <<Ծնվել եմ Արցախում>> կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը և շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցել Արցախից տեղահանված պատանի երաժիշտների մասնագիտական կրթությանը և մասնագիտական զարգացմանը։

Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։

Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ <<Ծնվել եմ Արցախում>> արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է <<Մենք ենք մեր սարերը>> զարգացման գործակալության, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, <<Իգնայթ>> ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ