Սամվել Շահրամանյան․ Արցախի վերաբերյալ այսպիսի վերջնական տարբերակ չէինք կանխատեսում

  • 16:02 27.09.2025

«Հինգ տարի առաջ այս օրը՝ լուսաբացին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ՝ ունենալով մեկ նպատակ՝ տիրել Արցախին։ Եվ այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ընդունել են այդ հարվածը եւ իրենցից կախվածն արել են, որպեսզի կարողանան կանգնեցնել Ադրբեջանի եւ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ ներգրավված բոլոր ուժերի հարձակումն Արցախի նկատմամբ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հարցին, թե հնարավոր էր խուսափել այդ պատերազմից, Շահրամանյանը պատասխանեց՝ տարիներ շարունակ ձեւավորված է եղել Մինսկի խումբ, որը զբաղվում էր այդ հակամարտության կարգավորմամբ։ «Եվ տարիներ շարունակ լսում էինք վստահություններ, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծման տարբերակ։ Ցավոք սրտի, աշխարհում փոխվել է իրադրությունը, եւ այսօր ականտես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ կարո՞ղ էինք խուսափել, թե չէ, ես այդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե Ադրբեջանի հետ խաղաղություն են հաստատում, Սամվել Շահրամանյանն ասաց, որ իրենք ողջունում են ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է  խաղաղությանը՝ դա կլինի Ադրբեջանի հետ, թե այլ հարեւանների հետ։ «Սակայն մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից ու սրբություններից։ Եվ այսօր աչք փակելով այդ հարցի վրա՝ մեծ խնդիր ենք ստեղծում հետագայի համար։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում՝ արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի տեսքով»,- ասաց նա։

Սամվել Շահրամանյանն անդրադարձավ նաեւ արցախցիների հասցեին որոշ շրջանակների կողմից հնչող մեղադրանքներին, թե՝ «մնայիք Արցախում, կռվեիք»։  Նա ասաց, որ այդ խոսույթին լուրջ չի վերաբերվում, քանի որ նման արտահայտություններ անողները չեն կարող լուրջ մարդիկ համարվել։

«2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները ստորագրել են մի փաստաթուղթ, որով դադարեցվել են ռազմական գործողությունները։ Եվ եթե հնարավոր էր շարունակել պայքարը, տրամաբական է, որ դա պետք է շարունակվեր 2020 թվականին։ 2020 թվականից հետո մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջը, փոխանցվել են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող դիրքեր, Ստեփանակերտի վերեւում՝ Շուշիում տեղակայված էին Ադրբեջանի զորքերը։ Եվ այս իրավիճակում խոսել, որ՝ մնայիք, պայքարեիք, ես լուրջ չեմ կարող համարել»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանին թողած մեծ քանակութամբ զենք-զինամթերքի մասին հարցին՝ Շահրամանյանն ասաց․ «Զենքի վերաբերյալ ես առիթ եմ ունեցել արձագանքել, այս պահին նպատակահարմար չեմ գտնում։ Ժամանակը կգա, կխոսենք դրա մասին։ Տեղյակ եք, որ հարուցված է համապատասխան քրեական գործ։ Եվ այդ գործի շրջանակներում ես նաեւ հրավիրվել եմ՝ որպես վկա հարցաքննվելու։ Բոլոր պատասխաններն այնտեղ հնչեցրել եմ»։

Սամվել Շահրամանյանը նաեւ ասաց, որ Արցախի վերաբերյալ այսպիսի վերջնական տարբերակ իրենք չէին կանխատեսում եւ չէին պատկերացնում։ «Իմ կարծիքով՝ մենք ձգտել ենք անել ամեն ինչ, որպեսզի այսպիսի արդյունք չունենանք»,- հավելեց նա։