Թուրքիան և Ադրբեջանն արդեն լուծել են իրենց խնդիրները։ Այս մասին խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Թուրքիան և Ադրբեջանը փակել են իրենց սահմանները Հայաստանի հետ՝ նպատակ ունենալով թուլացնել, տնտեսապես չեզոքացնել և վերջնականապես լուծել իրենց առջև դրված խնդիրները», – ասել է Պապոյանը։
Ի՞նչ նպատակ ունեին Թուրքիան և Ադրբեջանը։ Եթե նպատակն Արցախն էր, ինչպես պնդում են Հայաստանի պաշտոնյաները, ապա ինչո՞ւ է Արցախը հանձնելու մասին 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ներառում իններորդ կետ, որը, կարծես թե, որևէ կապ չունի Արցախի հետ և ենթադրում է Հայաստանի հարավի անեքսիա։ Եվ ինչո՞ւ հինգ տարի անց ՀՀ վարչապետը հետ չի կանչում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ընդհակառակը, 2025 թվականի օգոստոսի 8-ին Փաշինյանը Վաշինգտոնում ստորագրեց մի փաստաթուղթ, որը Բաքվին անարգել անցում է տալիս Հայաստանի հարավով։ Իսկ արդեն սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Երրորդ Հանրապետության ավարտի մասին։
Սա՞ նկատի ունի Պապոյանը, երբ ասում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հասել են իրենց նպատակին՝ Արցախի օկուպացիա, բնիկ բնակչության տեղահանում, Հայաստանի հարավի պայմանագրային անեքսիային և ՀՀ-ի լուծարում։
Պապոյանը և ՀՀ կառավարության մյուս ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, մեկը մյուսի հետևից խոստովանանակ ցուցմունքներ են տալիս, որոնք ապագա ազգային դատարանը ի գիտություն կընդունի։