Փաշինյանը ԵԽԽՎ-ում արցախցիների վերադարձի և փոխհատուցման հարցը «վտանգավոր» է որակել

  • 16:08 30.09.2025
Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ փախստականների վերադարձն Արցախ իրատեսական չի համարում։
«Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսել է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի։ Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում և ՀՀ քաղաքացիությամբ»,- հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորների հարցին։
Նա նշեց, թե կարևոր է համարում մարդկանց այդ մասին ազնիվ ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարն ու պլանները կառուցեն։
«Ընդհանրապես, բոլոր փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար»,- ասաց Փաշինյանը։
Բացատրեց՝ վտանգավոր է համարում թեմայի արծարծումը, որովհետև, ըստ Փաշինյանի, Ղարաբաղյան կոնֆլիկտն էլ սկսվել է, թվում է, հումանիտար պարզ հարցերից և վերաճել է երկարատև կոնֆլիկտի։
Նշեց` առաջիկա տասնամյակներում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և կենտրոնանան տնտեսական համագործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։
ԵԽԽՎ պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Ղարաբաղի փախստականների գույքի փոխհատուցման հարցը քննարկվե՞լ է խաղաղության համաձայնագրի շրջանակներում, և արդյոք նրանց մշակութային ժառանգությունը վտանգված է։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություններ է արձանագրել։ Սակայն այդ փաստաթուղթը բոլոր հարցերի պատասխանները չէ, որ ներառում է։ Նախատեսված է, որ հարցերի քննարկման համար պետք է ստեղծվեն այլ մեխանիզմներ ու հարթակներ երկու երկրների միջև։