Վերջին մի քանի օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ ոճով իրար հակասող մի քանի հայտարարություններ է արել, փորձելով դուրս գալ վերջին 4 տարվա քաղաքական հիմնական հարցի տակից։ Իսկ հիմնական հարցն է՝ արդյո՞ք ընտրությունները հստակ ծրագրով հաղթած և մանդատ ստացած ուժը պարտավոր է իրականացնել նախընտրական ծրագիրը։ Եւ արդյո՞ք չկատարելու դեպքում չպետք է հրաժարական տա և նոր ծրագիր առաջարկի։
Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում փորձել էր համոզել, որ «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի ժողովուրդը ձևավորել է իր սեփական ընտրական ուղերձը և այն վստահել իշխող մեծամասնությանը, որտեղ խաղաղությունը ժողովրդի ընտրական ծրագրի կենտրոնական կետն է եղել»։
Սակայն դրանից մի քանի օր առաջ նա հակառակն էր պնդում․ «ՔՊ-ում 2021-ին դաշնակցական նախընտրական ծրագիրը գրել ենք, մտել ենք նախընտրական քարոզարշավի մեջ»։ Հիշեցնենք, որ «դաշնակցականի» տակ նա նկատի ունի, օրինակ, Շուշիի և Հադրութի դեօկուպացիան, Արցախի ինքնորոշման ապահովումը և այլ «մանր» բաներ, առանց որի ժողովուրդը խաղաղություն չի պատկերացրել և ինչի համար մանդատ է տվել։
Փաշինյանն ասում է, որ «հընթացս ժողովուրդը այդ տրամաբանությունը փոխել է։ Մեր մոտ չկա ինստիտուտ ընտրություններից հետո նախընտրական ծրագիրը փոխել, բայց նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տեղի է ունեցել մի բան, ամբողջ քաղաքական նարատիվի և ընկալման ռազմավարության փոփոխություն է տեղի ունեցել, ինչը արտահայտված է կառավարության ծրագրում։ Այնտեղ գրված է, որ ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է»,– հայտարարեց Փաշինյանը։
Նախ, 2021թ․ Կառավարության ծրագրում հստակ նշվում է․ “Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և
համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման
իրավունքի հիման վրա”:
Երկրորդ՝ ծրագիրը փոխելու միայն մեկ ինստիտուտ կա՝ հրաժարական, նոր ընտրություններ և նոր ծրագիր։ Սակայն Փաշինյանը ձևացնում է, որ չի տեսնում փղին բաց դաշտում։ Նա ուզում է իր ամբողջ մեղքը բարդի ժողովրդի վրա, որը ընտրել է նրան մեկ ծրագրով, բայց հիմա պարզել է, որ ծրագիրը հնթացս փոխվել է։
Նիկոլ Փաշինյանի ցանկացած նման պնդում «ընբռնումով» է ընդունվում նրա զոմբի-երկրպագուների կողմից։ Եւ այդ առումով դժվար թե նա վերընտրվելուց մեծ խնդիր ունենա հայ հասարակության հետ։
Բայց նա կարող է լուրջ խնդիրներ ունենա արտաքին «գործընկերների» հետ, քանի որ արդեն կատարել է իր ֆունկցիան, մի բան էլ ավել։ Նա արդեն հայտարարել է Երրորդ հանրապետության փաստացի լուծարելու մասին։ Եւ երբ «գործընկերները» մի պահ հստակ կարձանագրեն, որ Հայաստանն այլևս չկա, կպարզվի, որ նախընտրական ծրագիր իմաստ էլ չունի։
Իքը արդեն այն վիճակում է հայտնվել, որ չի կարող պարտվել, որովհետև դա չգիտես ինչ հետևանք կունենա իր համար, ասել է Հովիկ Աղազարյանը։
«Ինքը մի շարք օրենքներ է խախտել, դրա համար պետք է պատասխան տալ։ Ես կարծում եմ, որ կարող է այնպիսի իշխանություն լինի, որ Փաշինյանը կանգնի դատարանի առջեւ։ Այո, այդ հավանականությունը կա, որ Փաշինյանը ընտրության առջեւ է, կամ հաղթում է, կամ կանգնելու է դատարանի առջեւ։ Դրա համար ինքը թիմին փչացնում է այդ իմաստով, որ բոլորին սարքում է այնպես, որ յուրաքանչյուրը պայքարի հաղթանակի համար ամեն գնով, անգամ իրենից էլ շատ», ասել է նա։