Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը՝ տնօրեն Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ից 27-ը մասնակցել է միջազգային փառատոնի՝ ֆրանսիական Նիսի քաղաքապետարանի և այլ գործընկերների հրավերով: Փառատոնի նպատակն էր երեխաների և երիտասարդների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների համար ներառական կրթության և զարգացման փորձի փոխանակումը։
Այցը կազմակերպվել էր կենտրոնի մտերիմ բարեկամ և վաղեմի գործընկեր Աննելին Սաբադելի նախաձեռնությամբ, ով երկար ժամանակ ապրել է Արցախում և աշխատել որպես կամավոր։
Պատվիրակության կազմում էին կենտրոնի աշխատակիցներ և շահառուներ։
Նիսի փառատոնին մասնակցել է տարբեր երկրներից ժամանած ավելի քան 1000 մասնակից։ Փառատոնի ընթացքում անցկացվել են մոտ 150 վարպետության դասեր և այլ կրթական միջոցառումներ, որոնց մասնակցել են հաշմանդամություն ունեցող երեխաներ և երիտասարդներ։
Կ. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մասնագետներն ու շահառուները ակտիվորեն մասնակցել են վարպետության դասերին և փառատոնի այլ միջոցառումներին։
Այցի ընթացքում պատվիրակությունը այցելեց մի քանի ժամանակակից բժշկական կենտրոններ՝ փորձի փոխանակման համար:
Նիսում կազմակերպվեց նաև հանդիպում հայ համայնքի հետ, որտեղ պատվիրակության ղեկավար պարոն Թադևոսյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը և նկարագրեց Եղվարդում վերականգնողական կենտրոնի նոր շենքի վերակառուցումը:
Շահառուներին կազմակերպվեցին հետաքրքիր էքսկուրսիաներ Նիսի տեսարժան և գեղատեսիլ վայրերով:
Ճանապարհորդությունն ավարտվեց Մոնակոյի մայրաքաղաք Մոնտե Կառլո անմոռանալի այցելությամբ:
«Այս մակարդակի միջազգային փառատոնին մասնակցությունը հնարավորություն է անմիջականորեն ներկայացնելու կենտրոնի գործունեությունը, մեր փորձը և տեսլականը, ինչպես նաև ծանոթանալու մեր եվրոպացի գործընկերների ծրագրերին և լավագույն փորձին: Այս այցը կարևոր քայլ էր միջազգային կապերի ամրապնդման և ներառական ծրագրերի ոլորտում նոր գաղափարների ու փորձի փոխանակման գործում», – նշում է Կ. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը:
Արսեն Աղաջանյան