Փաշինյանը Կոպենհագենում հանդիպել է Ալիևի հետ

  • 12:15 02.10.2025

Կոպենհագենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից, ով նաև լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ Կոպենհագենում, վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։

Քիչ անց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ալիևն «ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը»։ «Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում:

Նազելի Բաղդասարյանի փոխանցամբ՝ «Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ»։

Այս համատեքստում, հաղորդագրության համաձայն, կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։

Կողմերը կարևորել են վստահություն ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները, ասված է հաղորդագրությունում:

Նույնպիսի հաղորդագրություն հրապարակել է նաև ադրբեջանական կողմը: