Անցած շաբաթ ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայ գերիների ազատ արձակումը և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը»:
Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:
2025 թ․ սեպտեմբերի 25-ի նամակում, որը ստորագրված է Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեի կողմից, նաև նշված է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Բաքվում այցելում են դատական նիստերին հնարավորության դեպքում», փոխանցում է հանձնախումբը:
Ըստ Հայ դատի՝ Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:
Ավանդական հայկական լոբբին աշխատում է ԱՄՆ և այլ երկրների հետ երեք հիմնական ուղղությամբ․ արցախցիների վերադարձ, Բաքվում պահվող գերիների ազատ արձակում և Արցախում մշակութային ժառանգության պահպանում։ Ինքնին այս հարցերի ընտրությունը ոչ թե չի հակասում, այլև “լրացնում է” Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, որի իմաստն է՝ չանդրադառնալ Արցախյան խնդրի քաղաքական բաղադրչին և կենտրոնանալ միայն հումանիտար խնդիրների վրա։ Կան այլ լոբիստական խմբեր, որոնք քաղաքական հարցեր են առաջ տանում, բայց նրանց ազդեցությունը դեռ թույլ է։
“Արցախցիների վերադարձի” քաղաքականությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում ոչ միայն արցախցիների, այլև այն մարդկանց մոտ, որոնք չեն պատկերացնում, թե ինչպես պետք է արցախցիները վերադառնան, գերիներն ազատվեն, իսկ մշակույթը պահպանվի առանց քաղաքական լուծումների և միջազգային երաշխիքների։ Արցախյան հանրային ինստիտուտները հայտարարություններ են տարածել, ամրագրելով այն քաղաքական պայմանները, որոնք հնարավոր կդարձնեն վերադարձը։ Այդ պայամնների մեջ է՝ Արցախի հարցի օրինական լուծումը ինքնորոշման իրավունքի և միջազգային երաշխիքների հիման վրա։
ՀՀ իշխանությունները պնդում են, թե իբր Արցախի հարցը լուծված է 1991 թ․ Ալմա-Աթայի ստից հռչակագրին համաձայն, թեկուզ չկա որևեէ լեգիտիմ փաստաթուղթ, որտեղ դա ամրագրված է։ Հակառակ այդ պնդման միջազգային հարթակներում Արցախի հարցը դեռ չլուծված է համարվում։
Կոնգրեսի հայկական խմբի նամակը, որը նախաձեռնել էին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադաոն, հորդորում էր բոլոր կողմերին ներգրավել հենց այս չլուծված հակամարտությունում։
Ավելի վաղ Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։
Կոնգրեսին ուղղված նամակում Հայ լոբիստները նաև կոչ են արել Միացյալ Նահանգներին աջակցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը, որը Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված դիվանագիտական միջոցառում է։ Այն նպատակ ունի ստեղծել միջազգային բանակցային հարթակ՝ հայերի անվտանգ, պաշտպանված և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը միջնորդելու համար։ Այս նախաձեռնությունը հուլիսի 10-ին Կոնգրեսի ճեպազրույցի կենտրոնական թեման էր, որին մասնակցել են Կապիտոլիումի բլրի ավելի քան 200 աշխատակիցներ, քաղաքականության փորձագետներ և մարդու իրավունքների պաշտպաններ։ Սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմը չի պատասխանել այդ նախաձեռնությանը։
Դրա փոխարեն սեպտեմբերի 29-ին «Քրիստոնեական համերաշխության միջազգային» (ՔՀԻ) կազմակերպությունը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացրեց լրացուցիչ միջոցառում՝ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը որպես ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի անհրաժեշտ լրացում, մասնավորապես՝ վերադարձի իրավունքի իրականացման նպատակով։
Միջոցառմանը մասնակցել են Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) անդամներ Էրիխ Վոնտոբելը և Նիկոլաս Վալդերը, ինչպես նաև հայտնի բանակցող Փոլ Ուիլյամսը։
Միաժամանակ, ելույթ ունենալով տարբեր միջազգային հարթակներում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արցախցիների վերադարձի հարցը ոչ միայն իրատեսական չի համարում, այլև դրա մեջ վտանգ է տեսնում։
Հայ լոբիստական կազմակերպությունների գործունեությունը չափազանց արժեքավոր է այն առումով, որ Արցախի հարցը նախկինի պես վիճելի և չլուծված է համարվում միջազգային հարթակներում։