Ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ․ “նպատակը մեզ լռեցնելն է”

  • 20:39 06.10.2025

ՊՆ շենքի մոտ սեպտեմբերի 29-ին անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ եւ ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը եւ Ապիջան Սարգսյանը:

Անհետ կորածների ծնողներն այսօր բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով դադարեցնել անհետ կորածների հարազատների նկատմամբ հետապնդումները։ Ծնողներն ասացին, որ տեղեկություն ունեն՝ Արսեն Ղուկասյանին եւ Ապիջան Սարգսյանին տեղափոխում են դատարան։ «Մեր տեղեկություններով՝ նրանց ձերբակալել են մի քանի օր առաջ ՊՆ-ի դիմաց իրականացրած ակցիայի համար։ Հորինված ինչ-որ մեղադրանքներ են, կարված գործեր են, ոչ մի հիմք չկար նրանց ձերբակալելու»,- ասաց անհետ կորած զինծառայողներից Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը։

Նա նշեց, որ այս ամենի նպատակն իրենց լռցնելն է։ «Ուզում են, որ մենք ձայն չհանենք, իրենք իրենց ուզածին հասնեն։ Այդ է, սրանք ապիկար, անբարոյական իշխանություն են, ինչի ասես ընդունակ են։ Մենք պահանջում ենք, որ Արսենին ու Ապիջանին ազատ արձակեն, ապօրինի կերպով ծնողներին ուզում են լռեցնել»,- ասաց նա։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ արդեն 5 տարի է, որ անհետ կորած զինծառայողների ծնողները որեւէ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի անդամների, երեխաների մասին։ Ճշտված տվյալներով՝ 191 անձ անհետ կորած են, եւ հարազատները տեղեկություն չունեն նրանց մասին։

«Իրենց իրավունքն է՝ պահանջելու պետությունից, կառավարությունից, որպեսզի պատասխան տան, թե ի վերջո գործընթացն ինչ փուլում է։ Տարբեր գործընթացներ են տարվում Ադրբեջանի հետ, եւ մարդիկ իրավացիորեն պահանջում են, որ իրենց տեղեկություն տան՝ ի վերջո ի՞նչ է կատարվում այդ ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ էլ ծնողները Բաղրամյան պողոտան էին փակել, էլի հանդիպում էին խնդրել, հանդիպում տեղի չէր ունեցել։ հետո ամիսներ անց կիսատ-պռատ հանդիպում է տեղի ունեցել կառավարության շենքում, եւ վարչապետի աթոռը զբաղեցնողը էլի նորմալ պատասխան չէր տվել։ Դրանից առաջ գործընթացը համակարգում էր ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանը, Աբազյանին հանելուց հետո ներկա ԱԱԾ պետը գնացել էր Բաքու, բայց էլի մարդկանց որեւէ տեղեկություն չեն հայտնել։ Ի՞նչ է, այս մարդիկ իրավունք չունեն պահանջելու, թե գործընթացն ինչ փուլում է»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորն ասաց, որ ձերբակալված երկու ծնողներին տանում են կալանավորման։ «Սրբազանների գործից եւ Միքայել սրբազանին 2 տարվա ազատազրկում տալուց հետո թվում է, թե էլ զարմանալու բան չկա, բայց ամեն օր էս իշխանությունները ցույց են տալիս, որ էլ ավելի աբսուրդ ու սրբապիղծ որոշումներ կայացնելու հարցում իրենք անմրցելի են»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

Ապիջան Սարգսյանը՝ 2020 թվականին անհետ կորած զինծառայողի հայրը, ազատ է արձակվել։ Այս մասին հայտարարել է Աջափնյակի շրջանային դատարանի շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցը։

Բերման ենթարկված Արսեն Ղուկասյանի վիճակը վատացել է Քննչական կոմիտեի շենքում քննչական գործողությունների ժամանակ։ Նրա համար շտապօգնություն է կանչվել, հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։