Հոկտեմբերի 8-ին՝ տանկիստի օրը, զոհվեց տանկիստ Արմենը

  • 08:44 08.10.2025

2020-ի 44-օրյա պատերազմի դաժան օրերն էին։ Ասկերանում քիչ մարդ էր մնացել՝ ծերերը, երեխաներն ու կանայք տարհանվել էին ու տեղափոխվել Հայաստան։ Ասկերանում մնացած բնակչությունը պատսպարվում էր ապաստարաններում։ Քաղաքի շրջակայքն անընդհատ ռմբակոծվում էր, արկերն ընկնում էին ծայրամասերը, երբեմն էլ՝ կենտրոնական տարածքները։ Հոկտեմբերի սկիզբն էր։ Խոսակցություններ էին պտտվում, որ շուտով կավարտվի պատերազմը, ժողովուրդն էլ հավատում էր։ Ամենուր՝ <<Հաղթելու ենք>> կարգախոսն էր: Թշնամու հրետանին չէր դադարում հրետակոծել, ձայներն այնքան մոտ էին լսվում, որ թվում էր՝ ուր որ է արկերը գլխիդ են թափվելու: Ամեն մի զարկի հետ հասկանում ես, որ մարդկային կայնքեր են կործանվում և աղաչում ես Աստծուն, որ շուտ վերջանա արհավիրքը։ 

 Հանկարծ բոթը հասավ Ասկերան․ Արմենն է զոհվել՝ Ասկերանի նշանավոր տանկիստը: Մեզանից ոչ ոք չէր կարողանում հավատալ․ յուրաքանչյուրս մտածում էինք, գուցե սխալմունք է, գուցե վիրավորվել ու ողջ է դեռ:

Անտեսելով վտանգը՝ Ասկերանում գտնվող մարդիկ գնացին վերջին հրաժեշտը տալու հերոսին: Բակը մարդաշատ էր. գլխիկոր կանգնած էին Արմենի հարազատները, մարտական ընկերները:

Աղաջանյանները կորցրել էին մեծ գերդաստանի հպարտություն դարձած զավակին: Նրանք գիտեին, որ իրենց որդին Հայրենիքի անմնացորդ նվիրյալն էր․ հայրենասիրությունը դեռևս մանկուց էր սերմանված նրա մեջ: Արմենը շատ էր հպարտանում Արցախյան առաջին պատերազմում հերոսի մահով ընած Շահրաման հորեղբորով և իր եղբայրներին ու 3 որդիներին պատգամում էր նրա արժանի հետնորդները լինել:

 

Երբ Շահնազար և Մանյա Աղաջանյանների ընտանիքում ծնվեց առաջնեկ որդին՝ Արմենը, նրանց օջախը լուսավորվեց, ցնծություն ապրեց: Հետո ծնվեցին մյուս զավակները: Ի՞նչ իմանար մայրը, որ տարիներ հետո պիտի ողբար որդու մահը, որ երեք տարի հետո կարոտ կմնա որդու գերեզմանին ու մայր հողին, որի համար զոհվել է զավակը:

Արմենը հոգատար հայր էր, օրինակելի ամուսին, սիրասուն զավակ ու եղբայր։ Ծառայության հետ մեկտեղ նա ակտիվ մասնակցում էր Ասկերանի և Իվանյանի համայնքային կյանքին։ Բնակվում էր Իվանյանում, սակայն սիրտն ու հոգին իր ծննդավայր Ասկերանում էին: Պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր՝ ահա այդպես են ճանաչում նրան բոլորը:

Արմեն Շահնազարի Աղաջանյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 13-ին: Ավարտելով Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը՝ զինվորական պարտքն է կատարել ԼՂՀ ՊԲ-ի շարքերում, ապա անմնացորդ նվիրվել  Հայրենիքի ծառայությանը:

2010 թվականի հունիսից ԼՂՀ ՊԲ  Ն զորամասի 2 տգմ 5տվ հրամանատարն էր: 2013 թվականին ավարտել է ՀՀ ՊՆ ՎՍ սպայական դասընթացները և հուլիսից զբաղեցրել 3 տգմ ՀՆՏԱԳ տեղակալի պաշտոնը: 2018 թվականի սեպտեմբերից պատվով զբաղեցրել է 3 տգմ ՀՍԳ տեղակալի պաշտոնը:

Ծառայության ողջ ընթացքում նա արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, պետական և գերատեսչական մի շարք մեդալների ու պատվոգրերի: Մասնագիտական գիտելիքներին լավ էր տիրապետում և կարողանում էր դրանք լիարժեք կիրառել առօրյա ծառայության ընթացքում: Ճիշտ և ժամանակին կատարում էր վերադաս հրամանատարության հրամանները և մշտապես աշխատում իր մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ:

Արմեն Աղաջանյանը մասնակցել է 2016 թվականի քառօրյա պատերազմին՝ որպես գումարտակի ՀՆՏԱԳ տեղակալ:

2020 թվականի ռազմագործողություններին Արմենը՝ որպես երրորդ տանկային գումարտակի սպառազինության գծով տեղակալ, գումարտակի հետ մարտնչել է տարբեր բնակավայրերում՝ մասնավորապես լինելով Ջրականի և Վարանդայի մարտերում։ Հոկտեմբերի 8-ին տանկիստ Արմեն Աղաջանյանը Վարանդայի հատվածում էր։ Թշնամին օդային հարված է հասցնում տանկիստների ուղղությամբ։ Արմենը ստանում է բազմաբեկորային ծանր վիրավորում և շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կտրվում է նրա կյանքի թելը։ Իսկ այդ օրը տանկիստի մասնագիտական օրն էր…

Արմեն Աղաջանյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 9-ին, հարազատ Ասկերանի (Ղլիժբաղի) գերեզմանատանը։ Նա ընկավ քաջի մահով՝ իր կատարած սխրանքների մասին թողնելով լեգենդներ, որոնք կհիշվեն տարիներ շարունակ, որոնցով կհպարտանան սերունդները:

Արմենի ընտանիքը, ծնողներն ու հարազատները բնակություն են հաստատել Երևան քաղաքում։ Այսօր նրանք ծաղիկներ կխոնարհեն Եռաբլուրում կառուցված <<Արցախի կանչ>> հուշահամալիրում։

Փառք ու պատիվ քեզ, Արմեն։ Քո հիշատակը միշտ վառ կմնա  ապրողներիս սրտերում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ