Առավոտ․ Պատրաստվում ենք դիմել ՄԱԿ՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով. Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն

  • 10:31 08.10.2025

Սեպտեմբերի 23-ին Առավոտը տեղադրել է «Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպության ուղերձ-կոչը հայ ժողովրդին

Նիդերլանդական օրագիր. 2021 թվականի մարտի 10-ին Կեմերովոյի մարզի հայերի միությունը դիմեց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին և Պետական դումայի նախագահ Վլադիմիր Վոլոդինին։

Դիմումը ստորագրել էր կազմակերպության նախագահ Գ. Ա. Անտոնովը։ Հիմնական պահանջը հստակ էր՝ չերկարաձգել և չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ կնքված 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ամոթալի պայմանագրերը, որոնք, ըստ կազմակերպության, պատմական անարդարության խորհրդանիշ են։

Միությունը հիմնավորում է իր դիրքորոշումը հետևյալ փաստերով․ պայմանագրերը կնքվել են բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև՝ առանց Հայաստանի մասնակցության, այն ժամանակ, երբ երկու պետություններն էլ չունեին միջազգային ճանաչում։

Այս համաձայնագրերը, ըստ հայ համայնքի ներկայացուցիչների, խախտել են հայ ժողովրդի իրավունքները և նպաստել պատմական հայկական հողերի կորստին։

Բացի այդ, դիմումում ընդգծվում է, որ Թուրքիան բազմիցս խախտել է պայմանագրերի դրույթները, իսկ նրա քաղաքականությունը հակառուսական բնույթ է կրել։

Կազմակերպությունը նաև դիմել է Ռուսաստանի Գերագույն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նշված պայմանագրերը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը՝ նշելով, որ միջազգային պայմանագրերը վերանայելու կամ չեղյալ համարելու իրավասություն չունի։

Գերագույն դատարանի վերաքննիչ խորհուրդը թողել է որոշումը ուժի մեջ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ներքին դատարանները նման հարցերի լուծման լիազորություն չունեն։ Ըստ էության, Գերագույն դատարանը պարզաբանեց, որ այդպիսի գնահատական կարող է տալ միայն միջազգային իրավասու մարմին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների միջազգային քաղաքացիական դատարանը։

Այս իրադարձությունները կրկին հիշեցրել են մեկ կարևոր փաստ․ անկախ Հայաստանի գոյության 35 տարիների ընթացքում որևէ պետական քայլ չի ձեռնարկվել 1920 թվականի նոյեմբերի 22-ի Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման գործարկման ուղղությամբ, որը միջազգային իրավունքի համաձայն մնում է միակ օրինական հիմքը հայկական հողերի հարցում։

«Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպությանը պատրաստում է փաստաթղթերի ամբողջական փաթեթ՝ ՄԱԿ դիմելու համար՝ պահանջելով վերանայել և անվավեր ճանաչել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը և գործարկել Վուդրո Վիլսոնի իրավարար որոշումը։

Ուղերձ-կոչ հայ ժողովրդին

Մենք՝ Կեմերովոյի մարզի հայերի միության ներկայացուցիչներս, դիմում ենք Հայաստանի, և աշխարհասփյուռ հայությանը․ մեր ժողովուրդը դարեր շարունակ կրել է ծանր կորուստներ և անարդարություններ։ Այսօր եկել է միասնության պահը։

Մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մտավորականներին և հայրենասեր անհատներին միանալ մեր նախաձեռնությանը։

Սա պայքար է անցյալի պատմական արդարության վերականգման, օրենքի հանդեպ անարդար ու խայտառակ պայմանագրերը բեկանելու, մեր ժողովրդի իրավունքների վերականգնման և մեր ապագայի ամրապնդման համար։

Միասնաբար բարձրացնելով մեր ձայնը միջազգային իրավունքի հարթակներում՝ մենք կարող ենք հիշեցնել աշխարհին Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման և Սևրի պայմանագրի մասին։ Դրանք շարունակում են մնալ իրավական փաստաթղթեր, որոնք արձանագրում են մեր ժողովրդի արդար պահանջները։

Մենք հավատում ենք, որ միասնական ջանքերով հնարավոր է վերականգնել ճշմարտությունը և ամրապնդել հայության ապագան։

Թող այս կոչը դառնա մեր ժողովրդի համախմբման նոր սկիզբ։

«Կեմերովոյի մարզի-Կուզբասի հայերի միություն» տարածաշրջանային կազմակերպության նախագահ`

Գ. Ա. Անտոնով