«Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է որոշի արցախցիների վերադարձի հետ կապված խնդիրները, դրանք միջազգային նորմերով, միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքներն են։ Նիկոլ Փաշինյանը չէ, եթե անգամ գերտերությունների ղեկավարները լինեն, չեն կարող միանձնյա այդ հարցերը լուծել։ Արցախցիներն ունեն նույնքան իրավունքներ, որքան ցանկացած այլ ժողովուրդ։ Հետեւաբար, դա Փաշինիյանն իր վրա վերցրել է ավելի շատ, քան կարող է տանել»,- step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԺԱՐ սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արցախցիների վերադարձը իրատեսական չի համարում, քանի որ դա կարող է վտանգել «խաղաղության գործընթացը»։
Կարապետյանցի խոսքով՝ անշուշտ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս հարցի դրական լուծում հնարավոր չէ։ Քանի դեռ այս իշխանությունը շարունակում է գործել, ոչ միայն արցախցիները, այլ նաեւ հայաստանցիները մեծագույն խնդիրներ ունեն։ «Հայաստանցիներից որեւէ մեկը թող վստահ չլինի, թե ապահով երկրում է ապրելու, որեւէ մեկը չի կարող վստահ լինել, որ պատերազմներ չեն լինելու, որ ինքը չի ունեզրկվելու, որ վաղը չեն գալու ինչ-ինչ գյուղեր դատարկելու։ Առհասարակ, իր պաշտոնավարման տարիներին մենք լուրջ կասկածի տակ ենք դնում ոչ միայն մեր արժեքները, այլ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների ու իրենց աջակցող սազանդարների հետ լուրջ կասկածի տակ է դնում հարցը՝ առհասարակ մենք հայ կոչվելու իրավունք ունե՞նք, թե՞ չէ։ Մենք սրբություններ, սիմվոլներ ու պատմություն ունենալու իրավունք ունե՞նք, թե՞ այլեւս շարժվելու են այնպես, ինչպես ցանկանում են հարեւան սրտնեղած երկրների ղեկավարները»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է խաղաղությանը՝ Նինա Կարեպտյանցն ասաց, որ հարաբերական հրադադար կա, բայց այդ հրադադարի բոլոր գործիքներն այսօր մեկ հոգու՝ Ալիեւի ձեռքում են։ «Անգամ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծել պայմաններ, որ իր ձեռքում լինեն այդ գործիքները։ Իրականում ԱՄՆ-ն է կարողացել ստեղծել պայմաններ, որ Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա։ Բայց ռեալ գործիքներ չկան, իրենց համար հարմար պահի Հայաստանի վրա կարող է հարձակում լինել, ինչպես Արցախի վրա եղավ հարձակում ԿՈՎԻԴ-ի ժամանակ կամ ԱՄՆ-ում ընտրությունների փուլում։ Այդ նույն տրամաբանությամբ հարվածի տակ է նաեւ Հայաստանը, եթե հարմար պահ եղավ հարձակվելու, ես վստահ չեմ, որ մենք խաղաղություն կունենանք»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան