Ամեն գիշեր ճանապարհորդություն է դեպի Արցախ, հայրենի վայրեր, հարազատների և ընկերների գերեզմաններ

  • 23:45 08.10.2025

Որքան էլ փորձեն ջնջել պատմությունը, Արցախյան հարցը չի մոռացվում և չի փակվել։ Ամեն ինչ փորագրված է հիշողության մեջ՝ մինչև ամենափոքր մանրուքը։

Մենք հեռացանք, այնտեղ թողնելով մեր սրտի, հոգու և հիշողությունների մի կտորը։ Ամեն գիշեր ճանապարհորդություն է դեպի Արցախ, դեպի մեր հայրենի վայրերը, դեպի մեր սիրելիների գերեզմանները։ Եվ միայն մեր տան շեմին է ավարտվում ճանապարհորդությունը։ Ես չեմ ուզում մտնել անծանոթ բնակարան, որտեղ ամեն ինչ տարբերվում է նրանից, ինչ հիշում եմ։

Վերջերս շատ հաճախ եմ հիշում 2023 թվականի իրադարձությունները։ Շրջափակման ամենադժվար ժամանակահատվածում՝ մեկօրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ ընկերներիս հետ գնացինք Խնձրիստան գյուղում ձկնորսության՝ ուտելու բան բերելու։ Ձկնորսությունը հաջող էր։ Մեր որսացած ձկները մանր էին, բայց աներևակայելի համեղ ընթրիք դարձան։

Այդ օրերին մենք պատկերացում անգամ չունեինք, որ առջևում ավելի նոր արյունահեղություն և արտագաղթ է սպասվում։ Դժվարություններին չնայած՝ հույս ունեինք, որ լավ կլինի, նույնիսկ ապագայի ծրագրեր էինք կազմում։

Ձմռանը գոյատևելու համար սկսեցինք վառելափայտ կուտակել։ Ընկերներով և ընտանիքի հետ գազար, ճակնդեղ, կանաչեղեն և այլ բանջարեղեն ցանեցինք, բայց չկարողացանք բերքը հավաքել։

Եկավ սեպտեմբերի 19-ը, և կրկին պատերազմ։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին, ինչպես բոլորը, ես աշխատանքի էի Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում։ Լսելով օդային հարձակման սիրենան և առաջին պայթյունները, անձնակազմը արագ սկսեց կենտրոնի հիվանդներին տարհանել ապաստարան։ Մեր դեպքում ապաստան գտնելու ամենաապահով վայրը ջրաբուժության «լողավազանն» էր։

Այդ պահին շատերը վատացան. շրջափակման պատճառով գրեթե դեղորայք չկար։ Ոմանք սկսեցին խուճապի մատնվել, քանի որ կապ չկար, և նրանք չէին կարողանում զանգել իրենց ընտանիքների անդամներին։

Խաղաղապահ ուժերի և Հայաստանի կողմից աջակցության բացակայության, ինչպես նաև զենքի և մարդկային ռեսուրսների պակասի պատճառով, Արցախի պաշտպանության բանակը ստիպված եղավ զենքերը վայր դնել կատաղի պայքարից հետո։

Ադրբեջանական ներխուժման հետևանքով հանրապետության ճանապարհները փակվեցին։ Շրջանները կտրվեցին Ստեփանակերտից, և գյուղացիները ստիպված էին, իրենց կյանքը վտանգելով, անտառային արահետներով մայրաքաղաք հասնել։ Շատերը այդպես էլ չհասան Ստեփանակերտ՝ նրանք սպանվեցին իրենց տներում կամ ճանապարհին։

Կենտրոնի շատ աշխատակիցների հարազատներ ապրում էին գյուղերում. բարեբախտաբար, նրանք կարողացան հաղթահարել սարսափելի ճանապարհորդությունը և հասնել քաղաք։

Մենք ստիպված էինք վեց օր մնալ Վերականգնողական կենտրոնում, քանի որ մեզանից շատերը ապրում էին քաղաքի ծայրամասում, որտեղ արդեն մարտեր էին ընթանում։ Տուն վերադառնալը չափազանց վտանգավոր էր։

Մենք մի ընտանիքով ապրեցինք Արցախում վերջին վեց օրերը՝ կիսելով բոլոր դժվարությունները։

Սեպտեմբերի 25-ին՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից կարճ ժամանակ առաջ, իմ ընկեր Վլադը ուզում էր գնալ բենզին բերելու, բայց չկարողացավ մեքենա գտնել, որը նրան կտանի Հայկազով։

Պատմում է Վլադը . «Ես երբեք ինձ մոլի կրոնասեր չեմ համարել, բայց Տերը փրկեց ինձ։ Վառելիքի պակասի պատճառով ես Արցախում մնացի մինչև սեպտեմբերի 29-ը, որից հետո հեռացա վերականգնողական կենտրոնի աշխատակիցների հետ։ Կենտրոնի անվտանգության աշխատակցի հետ միասին գիշերը պահպանում էինք տարածքը մինչև մեր մեկնումը, քանի որ մեր հայրենակիցները ստիպված էին դիմել ծայրահեղ միջոցների, այդ թվում՝ վառելիք գողանալ՝ իրենց ընտանիքները փրկելու համար։

Քաղաքում քաոս էր տիրում։ Օդը լցված էր ծուխով, քանի որ խուճապահար տղամարդիկ այրում էին զինվորական համազգեստներ և փաստաթղթեր՝ վախենալով, որ իրենց թույլ չեն տա լքել Արցախը։ Աղբամանները լցված էին փամփուշտներով և այլ զինամթերքով, որոնք բազմիցս պայթում էին։

Հրապարակը լի էր քաղցած, անօգնական քաղաքացիներով, որոնք գյուղերից էին անտառներով հասել Ստեփանակերտ։ Ադրբեջանական համարանիշներով մեքենաներ արդեն վխտում էին քաղաքում։

Սեպտեմբերի 29-ին ես և իմ գործընկերները մի քանի մեքենաներով լքեցինք Ստեփանակերտը, մեքենաներից մեկը ես էի վարում։ Մենք նույնիսկ ստիպված էինք ջնջել բարոնուհի Քոքսի անունը մեքենաներից՝ մեր մյուս հայրենակիցների նման գերի չընկնելու համար։

Հաքարի կամրջի անցակետում ադրբեջանցիները մեզ հետ խոսում էին արհամարհանքով, նույնիսկ ստիպելով արտաբերել «Խանքենդի» բառը, որը ես, հասկանալի է, ատում եմ։ Ամբողջ գիշերը վարում էի մեքենան սարսափելի ճանապարհով՝ հսկայական խցանումների միջով՝ առանց քնի, բայց նույնիսկ այդ ժամանակ ինձ թվում էր, որ մենք շուտով կվերադառնանք։

Այս զգացողությունը մինչ օրս չի լքել ինձ, և ես հավատում եմ, որ եթե ոչ ես, ապա իմ երեխաները անպայման կկարողանան տեսնել իրենց նախնիների հայրենիքը»։

Արսեն Աղաջանյան