Եթե փախստականի կարգավիճակ չկա, արցախցին պետք է զրկվի՞ անվճար բուժոգնությունից

  • 09:59 09.10.2025

Նաիրա Իսրայելյանը թոշակառու է Արցախից։ Որդու՝ 5 հոգանոց ընտանիքի հետ բնակվում է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում։ Արցախցի 72-ամյա կինը, սակայն, չի ստացել փախստականի կարգավիճակ և չի օգտվում արցախցիներին տրվող ոչ մի աջակցությունից։

Բազմիցս է դիմել տարբեր իրավասու մարմինների, հասարակական գործիչների, սակայն հարցը դրական լուծում չի ստացել։ Պատասխանել են, որ նա չի հանդիսանում բռնի տեղահանված անձանց տրամադրված 100000-ական դրամի շահառու։ Որպես թոշակառու՝ ստանում է ընդամենը 44000 ՀՀ դրամ։

-2022-ի նոյեմբերի 20-ին մեկնել եմ ՌԴ՝ աղջկաս մոտ ժամանակավոր հյուընկալելու։ Երբ եկավ վերադառնալուս պահը, լսեցինք, որ Արցախը շրջափակման մեջ է հայտնվել։ Սկսեցինք հետաքրքրվել, թե ինչ հնարավորություններ կան Արցախ վերադառնալու։ Տեղեկացա, որ միայն Կարմիր խաչի միջոցով կարող եմ տուն վերադառնալ։ Ինչքան էլ փորձեցինք, ոչինչ չստացվեց։ 9 ամիս շարունակ ես մտքով Արցախում էի, որդիներիս ու թոռներիս հետ։ Շատ ծանր ապրումներ եմ ունեցել, քանի որ ցանկությունս մեկն էր՝ գնալ Արցախ։ 2023-ի սեպտեմբերի 19-ին իմ որդիները, ինչպես միշտ, դիրքերում էին։ Փառք Աստծո, փրկվեցին այս պատերազմում ևս և բոլորի պես տեղահանվեցին Արցախից։ Երկուսի ընտանիքներն էլ ապրում են վարձակալած բնակարաններում։

ՌԴ-ից վերադարձա որդիներիս մոտ, գրանցվեցի Քանաքեռավանում, հետո դիմեցի համապատասխան մարմիններին, որ ստանամ փախստականի կարգավիճակ։ Մի քանի անգամ առցանց դիմել եմ աջակցություն ստանալու համար, սակայն միշտ մերժվել են դիմումներս՝ պարզաբանելով, որ շահառու չեմ հանդիսանում և սեպտեմբերի 19-ին չեմ հատել Հակարի կամուրջը (ոչ իմ կամքով)։ 2024 թվականի մարտ ամսում լրացել էր 070 կոդով իմ անձնագրի ժամկետը, ինչի համար դիմել եմ անձնագրային բաժին։ Ինձ միանգամից տվել են ՀՀ քաղաքացիություն և 058 կոդով անձնագիր՝ առանց իմ իմացության։

Առողջությունս վատանալու պատճառով վերջերս շտապ օգնությամբ ինձ հասցրել են հիվանդանոց, որտեղ իմ մոտ հայտնաբերել է լեղապարկի բորբոքում և պահանջվում է շտապ վիրահատություն։ Եղվարդի Նաիրի ԲԿ-ում ինձ լավ ընդունել են, շրջապատել հոգատարությամբ և հանձն առել, որպես արցախցի, անվճար վիրահատել։ Սակայն, երբ պարզվել է, որ ես չունեմ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկացրել են, որ չեմ կարող օգտվել անվճար ծառայությունից, ինչքան էլ մեծ էր ինձ օգնելու նրանց ցանկությունը։

Ես չգիտեմ, թե ում դիմեմ, որ իմ հարցը լուծվի, քանի որ ոչ ես, ոչ էլ զավակներս ի վիճակի չենք վճարել 270000 դրամ գումարը։ Ոչ մեկից գումար չեմ խնդրում, պարզապես ցանկանում եմ, որ պատկան մարմիններն ինձ ճանաչեն որպես Արցախից տեղահանված փախստականի, որպեսզի օգտվեմ արտոնություններից։ Ես մեղավոր չեմ, որ շրջափակման պատճառով չկարողացա վերադառնալ իմ հայրենիք, որտեղ իմ երեխաներն էին, որտեղ իմ ամուսինն ու ծնողներս են ամփոփված,-ասում է արցախցի կինը։

Նարիա Իսրայելյանն Արցախյան 44-օրյա պատերազմում ոչ մի րոպե չի բացակայել Արցախից։ Ամուսնու՝ Հրանտի հետ Ասկերանում էին՝ սպասելով, որ որդիները այդ օրերի ընթացքում գոնե մեկ անգամ տուն կգան։ Նրա ավագ որդին՝ Արթուրը, ով հրետանավոր էր, 44 օր շարունակ դիրքերից չբացակայեց։ Միայն պատերազմի ավարտից հետո նա վերադարձավ՝ հիասթափված, ընկճված։ Կրտսեր որդին՝ Արամը, աշխարհազորային էր։ 2016-ի, 2020-ի և 2023-ի պատերազմներում Իսրայելյան եղբայրները մարտական դիրքերում էին։

-Ցավ եմ զգում, որ չեմ կարող օգնել իմ զավակներին, անգամ բնակապահովման ծրագրից չեմ կարող օգտվել ու միանալ նրանց։ Ամուսինս պատերազմի հետևանքով է մահացել։ Երբ սկսվեց պատերազմը, նա դեռևս լավ էր իրեն զգում, մասնակցում էր թիկունքային մի շարք աշխատանքների․ դրա մասին կարող են վկայել շատերը։ Պատերազմի վերջին օրերին հանկարծակի նրա առողջությունը վատացավ։ Շատ ծանր օրեր էին․ մենք ապաստարանում էինք։ Մի քանի անգամ շտապ օգնություն կանչեցինք․ օգնեցին ինչով կարող էին։ Ամուսինս իմ աչքի առաջ օրեցօր վատանում էր։ Չեմ նեղանում ոչ մեկից, քանի որ վիրավորները շատ էին, իսկ բուժաշխատողները զբաղված էին տղաների կյանքը փրկելով։ Պատերազմի ավարտից մի քանի օր հետո նա մահացավ՝ ոտքի փտախտից,- ասում է տիկին Նաիրան և ավելացնում, որ որդին բանկից ստիպված գումար է վերցրել, որպեսզի գնա վիրահատության, քանի որ բժշկի խոսքով՝ հապաղելը վտանգավոր է կյանքի համար։

Նաիրա Իսրայելյանի դեպքը եզակի չէ։ Նրա կարգավիճակում հայտնվածները շատ-շատ են, ովքեր տարբեր պատճառներով փախստականի կարգավիճակ չեն ստացել ու չեն օգտվում արցախցիներին տրվող աջակցություններից, այդ թվում անվճար բժշկական օգնությունից։ ՀՀ Կառավարությանը գուցե անհրաժեշտ է որոշո՞ւմ կայացնել բոլոր արցախցիներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ, անգամ նրանց, ովքեր այս կամ այն պատճառներով չեն կարողացել ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական։ Սա մի խնդիր է, որը հրատապ լուծում է պահանջում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Լուսանկարը՝ 2020 թ․, ապաստարան Արցախում