Շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում դուրս չգալ․ Ավինյան

  • 13:06 11.10.2025

Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,– գրել է նա։

Նուբարաշենի աղբավայրում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ։

Աղբավայրում այս պահի դրությամբ 20 միավոր տեխնիկա է աշխատում։

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են։ Քանի որ հրդեհը մեծ ծավալի էր, այժմ բեռնատարներով հողը տանում են աղբավայր, որ ծխացող օջախները ծածկեն, ծուխը վերացնեն»,-ասացին Երևանի քաղաքապետարանից։