
«Սա Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում է։ Եվ տեսնում ենք, թե ինչ ակնհայտ խախտումներ են տեղի ունենում՝ մարդիկ չեն կարողանում օգտվել պաշտպանությունից, զրկված են փաստաբանի ծառայությունից։ Այսինքն՝ ժամերով փաստաբանները կանգնած էին քննչական կոմիտեի մուտքի մոտ, նրանց ներս չէին թողնում, որ իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնեին։ Սա ուղղակի աննախադեպ խախտում է։ Կարծում եմ՝ դարձյալ Փաշինյանի ցուցումով է այս ամենը տեղի ունենում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդին ու հոգեւորականներին բերման ենթարկելուն։
Նշենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ հայտնեց, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին ձերբակալվել են, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել։ Նրան մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ խախտում ուզում է, անում է։ Իսկ իրավապաշտպան համայնքը մեծամասամբ լուռ է այսօր։ «Ես գրառում եմ արել Դանիել Իոաննիսյանի մասին, որովհետեւ փաստորեն իր հաղորդման հիման վրա է տեղի ունեցել այս ամեն ինչը։ Եթե դու հաղորդում ես ներկայացրել, չես ուզո՞ւմ այդ հետապնդումների մասին խոսել, չէ՞ որ քո հաղորդման հիման վրա է դա տեղի ունեցել։ Եվ այս մարդիկ իրենց անվանում են իրավապաշտպան։ Լավ, գոնե հարց տվեք՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս փաստաբաններին պաշտպանել այդ մարդկանց։ Ոչ մի ծպտուն իրոք չկա, ինձ էլ փորձում են ներկայացնել ընդդիմադիր հայացներով, քաղաքական երանգ են ուզում տալ, այդպիսի միտումներ եմ տեսնում։ Բայց ո՞նց կարելի է լռել, երբ փաստաբանը գնացել է Քննչական կոմիտե, եւ Արագածոտնի թեմի առաջնորդի մասին չկա ոչ մի տեղեկություն, սա չորակե՞նք որպես առեւանգում»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։
Հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունների այս գործողությունները, Ալեքսանյանը պատասխանեց․ «Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի նպատակները հայտնի են։ Նաեւ երեկ չէ առաջին օրը լսում էինք Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի դժգոհությունը Եկեղեցուց։ Եվ քանի որ այստեղ շատ իրադարձություններ տեղի են ունենում Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններին համահունչ, կարող ենք մտածել, որ դա է պատճառ եղել, որ Նիկոլ Փաշինյանը չի փոխել իր տրամադրությունները եւ Եկեղեցու դեմ օրը մի բան է մոգոնում ու ասում։ Ուղղակի սա խայտառակ վիճակ է»։
Իրավապաշտպանը նաեւ հարցադրում է անում՝ եթե նույնիսկ ինչ-որ հանցակազմ է պարունակում հոգեւորականների գործունեությունը, իշխանություններն ինչո՞ւ են անօրինական լուծումներով առաջնորդվում։ «Դատախազությունն է վերահսկում ՔԿ գործողությունները, ինչո՞վ է զբաղված գլխավոր դատախազը։ Սա նշանակում է, որ ոչ մի հիմք էլ չունեն, ես այդպիսի տպավորություն եմ ստանում»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան