
«Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց խոսքով ու գործունեությամբ որեւէ ազդեցություն կարող են ունենալ՝ լինի դա համայնքում, լինի հոգեւոր դասի ներկայացուցիչներ։ Բայց վերջին օրերին տեղի ունեցողը կարող եմ նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդարներ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ երկու համայնքում է վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել՝ Փարաքարում ու Գյումրիում։ «Փարաքարի համայնքապետը՝ Վալոդյա Գրգորյանը սպանվել է, իսկ ամբողջական բացահայտում մինչեւ այսօր տեղի չի ունեցել, ինչքան էլ Քննչական կոմիտեն ասի, թե բացահայտել են անձին, ով կրակել է։ Միեւնույն է, ես տեսնում եմ, որ այնտեղ քրեական ենթատեքստ է, եւ ամբողջական բացահայտում պետք է լինի։ Մի դեպքում ունենք սպանված ընդդիմադիր քաղաքապետ, մյուս դեպքում էլ Գյումրիի համայնքապետը՝ Վարդան Ղուկասյան այսօր ձերբակալվել է։ Ես չգիտեմ՝ իրավական ինչ հիմնավորում կդնեն տակը, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեն հանրային քաղաքական կյանքից, եւ հիմա դրա գործընթացն է տեղի ունենում»,- ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ չկա իրավական գործընթաց, կա մեկ անձ, ով այսօր եւ դատավոր է, եւ դատախազ է, եւ քննիչ է, եւ փաստացի երկրի վարչապետի աթոռն է զբաղեցնում։ «Նույնիսկ փաստաբանն իր գրառման համար գետնին է տապալվում, ձերբակալվում ու կալանավորվում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատի ընտրությունների միջոցով այնպիսի մթնոլոտ ստեղծել, որ 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ գոնե որեւէ հաջողություն ունենա։ «Բայց որքան շատ լինեն ռեպրեսիաները, սա ուղղակի հակարդարձ ազդեցությունն է ունենալու քաղաքական մեծամասնության վրա։ Որքան իրենք շատ ռեպրեսիոն ալիքն ուժեղացնեն, այնքան ժողովրդի հակազդեցությունը լինելու է։ Ուժով հնարավոր չէ մշտապես իշխանություն պահել։ Եթե նույնիսկ ժողովուրդն այդ հակազդեցությունը չի դրսեւորում փողոցային շարժումների ժամանակ, այդ հակազդեցությունը դրսեւորվելու է ընտրատեղամասերում։ Թող ինքը չմտածի, որ Սաակաշվիլիից ուժեղ տղա է, Քադաֆիից ուժեղ տղա է, քեզ նման բռնապետե՞րն են անցել-գնացել։ Էս ռեժիմն ավարտվելու է միանշանակ»։