Իմպիչմենտը չընդունվեց․ անվստահության հիմքերից մեկը՝ Արցախի կորուստը

  • 11:04 21.10.2025

ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց, եւ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ չընդգրկվեց Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու վերաբեյալ՝ «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ իմպիչմենտ հայտնելու ձեւաթղթի տակ արդեն կա 34 ստորագրություն, իսկ ՔՊ-ից դուրս եկած Հովիկ Աղզարյանն ու Հակոբ Ասլանյանն ասել են, որ չեն խոչընդոտելու գործընթացին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իմպիչմենտը նախագահական երկրին բնորոշ երեւույթ է։ «Խոսքը գնում է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Իսկ այդ գործընթացը կարգավորվում է ոչ թե հայտարարությամբ, այլ համապատասխան դիմումների առկայությամբ։ Ընդ որում, համապատասխան քանակի դիմումների հավաքագրումը դեռեւս բավարար չէ կառավարությանն անվստահություն հայտնելու համար։ Դա պարզապես անհրաժեշտ է որպես հիմք՝ համապատասխան գործըթնաց սկսելու համար»,- ասաց նա։

Նախագծում ներկայացվում են մի շարք հիմքեր, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանին իմպեչմենտ հայտարարել։

Նշվում է, որ ազգային անվտանգության համակարգը հիմնովին խարխլվել է՝ ի ցույց դնելով գործող իշխանության անպատասխանատվությունը, անկարողությունը, կեղծավորությունն ու հրաժարումը ՀՀ կառավարության ծրագրով եւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված նպատակներից, արժեքներից, կանոններից, ինչը հանգեցրել է ծանրագույն հետևանքների ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի անվտանգության ապահովման, ռազմական սպառնալիքների զսպման և չեզոքացման գործում.

Արցախի կորուստը։

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախյան հակամարտության՝ տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումների ոչնչացում, արդյունքների զրոյացում եւ սեփական զրոյական կետից մեկնարկած բանակցային գործընթացի ձախողում, արկածախնդրության հետևանքով սանձազերծված պատերազմ, Արցախի Հանրապետության ճանաչում Ադրբեջանի կազմում, իր բնօրրանում էթնիկ զտման ենթարկված, Արցախից բռնի տեղահանված արցախայության խնդիրների նկատմամբ ՀՀ կառավարության անտարբեր վերաբերմունք եւ անգործություն: Այս ամենը ՀՀ կառավարության ղեկավարի կողմից իրականացված ձախողված ռազմական եւ դիվանագիտական քաղաքականության ուղղակի հետևանքն է:

Նախագծում անդրչադարձ կա նաեւ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրին։ Նշվում է,  ՀՀ կառավարությունը չի ցուցաբերել անհրաժեշտ վճռականություն եւ պետական մտածողություն՝ հայ ռազմագերիներին, ինչպես նաեւ պատանդի կարգավիճակում Բաքվի բանտերում անմարդկային պայմաններում, մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից վերադարձնելու հարցում։ Ավելին՝ կառավարությունը ցուցաբերել եւ ցուցաբերում է հանցավոր անգործություն այս հարցում: Սա անուղղակի մեղսակցություն է Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին։

Անդրադառնալով ՀՀ տարածքային ամողջականությանը՝ նախագծում նշվում է․ «ՀՀ տարածքային ամբողջականությունը հայտնվել է լրջագույն սպառնալիքի տակ՝ Հայաստանի սահմանների նկատմամբ պարբերաբար ոտնձգությունների եւ ադրբեջանական զինված ուժերի շարունակական ներխուժումների հետեւանքով։ 2021 թվականից սկսած՝ թշնամական ուժերը բազմիցս խախտել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, գրավել տարածքներ ՀՀ սահմանամերձ շրջաններում, եւ դա կատարվել է ՀՀ կառավարության բացահայտ անգործության ու անփութության պայմաններում։ Կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլեւ պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան։ Ավելին՝ բազմիցս արված հայտարարությունները, որ ՀՀ տարածքում օտար զինված ուժերի ներկայությունը «վիճարկելի սահմանների խնդիր» է, կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի գոյությունը: Սա պետական ինքնիշխանության թուլացման եւ տարածքային ամբողջականության խաթարման անհերքելի վկայություն է»։

Նշվում է, որ այս կառավարությունը տապալել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը։ Ըստ կառավարության ծրագրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը կոչված է ծառայել Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը եւ պետք է լիներ կառավարության առաջնահերթությունների շարքում: Այս տարիներին կառավարության իրականացրած քաղաքականությունը տրամագծորեն հակառակ է իր ծրագրին: Կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չի դիտարկում որպես առաջնահերթություն, այլ ամբողջությամբ հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։