Ծանոթանալով Ձեր վերջին հայտարարություններին՝ առնչվող Հայ Առաքելական եկեղեցու, Սամվել Կարապետյանի և անձամբ Ձեր նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի, անօրեն և անարդար վարքագծի, ինչպես նաև տեղեկանալով լրատվամիջոցներից Ձեր՝ ՄԻԵԴ և այլ միջազգային ատյաններին դիմելու մտադրության մասին, անհրաժեշտ համարեցի Ձեզ հասցեագրել սույն գրությունը։
Ակնհայտ և անվիճելի է այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և իր թիմի կողմից հնչեցված հայտարարությունները թե՛ Հայ Առաքելական եկեղեցու, թե՛ պարոն Կարապետյանի և թե՛ Ձեր նկատմամբ անարդար են և անհարիր ժողովրդավարական երկրի ղեկավարին։ Նամանավանդ, երբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քաղաքական շարժառիթներով հետապնդումները անդառնալի և քայքայիչ հարված են հասցնում յուրաքանչյուր բարոյական մարդու խղճին։ Սակայն տվյալ դեպքում ՀՀ գործադիր իշխանությունների կողմից իրականացված գործողությունները շատ ավելի մեծ հանցագործություն է իրականացվում, քան լոկ քաղաքական հետապնդումը։
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը սկսեց այն ժամանակ, երբ նա փորձեց իր զորակցությունը հայտնել արդեն իսկ հետապնդման ենթարկվող Հայ Առաքելական եկեղեցուն։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցին էլ, իր հերթին, Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորվեց այն բանից հետո, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։
Փաստորեն, ի հակառակ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարոթյան որդեգրած վարքագծի, Հայ Առաքելական եկեղեցին՝ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, համարձակվեց բարձրաձայնել Արցախի հայության իրավունքներին պաշտպանության անհրաժեշտությունը և առհասարակ կրկին արծարծել Արցախի թեման։
Նիկոլ Փաշինյանի այս թեմայից բխող ակնհայտ ահն ու սարսափը պայմանավորված են մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ իր թիմի անդամների կողմից Արցախի նկատմամբ դրսևորվող թշնամական վերաբերմունքով, ինչպես նաև Ալիևի հետ կայացած հանդիպումների ընթացքում այդ հարցի շուրջ ձեռք բերված հնարավոր գաղտնի պայմանավորվածություններով։
Մենք, իհարկե, չենք կարող հստակ իմանալ, թե կոնկրետ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի թիմի՝ արցախցիների նկատմամբ դրսևորվող թշնամական վերաբերմունքը, սակայն, ակնհայտ է, որ այդ նպատակին հասնելու համար, ի թիվս այլ հակազգային և անբարոյական գործողությունների, այսօրվա ՀՀ գործադիր իշխանությունը կատարում է անհամեմատ ավելի ծանր և մասշտաբային հանցագործություն, որն իր բովանդակությամբ նշանակում է արցախահայության հիմնարար իրավունքներից զրկում։
Խոսքը վերաբերում է այն ջանքերին, որոնք ուղղված են արցախահայությանը ՀՀ քաղաքացու կարգավիճակից փաստացի և անօրինական կերպով զրկելուն։ Չնայած նրան, որ առաջին հայացքից այս հարցը կարող է թվալ ոչ այնքան հրատապ և ոչ այնքան կարևոր, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Խնդրի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ երբ ՀՀ-ն չի ժխտում արցախցիների ՀՀ քաղաքացի լինելու փաստը, ապա այդ պարագայում ՀՀ իշխանությունները, ի թիվս այլ պարտավորությունների, կրում են նաև արցախցիների կորցրած ամբողջ գույքի փոխհատուցման պատասխանատվությունը, որը պետք է իրականացվեր միջազգային իրավական հարթակներում՝ ՀՀ իշխանությունների մասնակցությամբ և աջակցությամբ։
Փաստորեն ստացվում է, որ մի կողմից ՀՀ իշխանությունները հրաժարվում են միջազգային ատյաններում ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ արցախահայության կողմից կրած վնասների հատուցման պահանջը, իսկ մյուս կողմից ՀՀ իշխանությունները իրավունքի ուժով կրելով նման պարտավորություն փորձում են իրենց ազատել արցախահայությանը կրած վնասների հատուցման պարտավորությունից։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է շատ լուրջ գումարների մասին։ Չէ որ սեփականության վկայականները տրամադրվել էին ՀՀ կողմից։ Նշվածի առնչությամբ գոյություն ունեն նաև ՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպային որոշումներ՝ օրինակ՝ «Չիրագով և այլք ընդդեմ Հայաստանի» գործը։
Ստացվում է, որ ՀՀ գործողությունների արդյունքում մի կողմից իշխանությունը հրաժարվեց Ադրբեջանից պահանջել արցախցիների կրած վնասների հատուցումը, մյուս կողմից՝ ինքն է որոշել չիրականացնել այդ հատուցումը՝ դիմելով այնպիսի քայլի, որը ոչ միայն անբարոյական և հակազգային է, այլ նաև իրենից ներկայացնում է ժամանակակից Հայաստանի ամենամասսայական հետապնդումը (Հռոմի ստատուտի իմաստով), զրկելով արցախահայությանը տասնյակ տարիների ընթացքում ունեցած ՀՀ քաղաքացու կարգավիճակից և ամբողջ ունեցվածքից։ Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ գրեթե ամբողջ արցախահայությունը առաջիկա համապետական ընտրություններին իր ձայնը չի տալու գործող իշխանությանը։ Հենց այդ հանգամանքն էլ, իր հերթին, դարձավ վերջինիս կողմից մազապուրծ եղած արցախահայության նկատմամբ լրացուցիչ թշնամական վերաբերմունք դրսևորելու և նոր հարված հասցնելու պատճառ։
Հիշեցնենք, որ քաղաքացիության իրավունքը մարդու հիմնական իրավունք է, որը հռչակվել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով», ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 32/5 թիվ բանաձևով (վերնագր՝ «Մարդու իրավունքներ և քաղաքացիությունից կամայական զրկում»), ընդունված 2016 թ. հունիսի 30-ին, և այլ միջազգային իրավական ակտերով։
Արցախահայությունը 1989 թվականից ի վեր հանդիսանում է ՀԽՍՀ քաղաքացիներ, ինչի հիմքով ՀՀ ԱԺ առաջին գումարման կազմում ընդգրկված էին Արցախից պատգամավորներ։ Սկզբում ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունները կայանում էին նաև Արցախում, սակայն պատերազմի և պատերազմի սպառնալիքի պատճառով 1992 թվականից ի վեր Արցախում ընտրական տեղամասեր չեն ձևավորվել։
Արցախցիները, լինելով ՀԽՍՀ քաղաքացիներ, ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ քաղաքացիության մասին օրենքը ընդունելուց հետո, օրենքի ուժով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու անհրաժեշտության, ճանաչվեցին ՀՀ քաղաքացիներ՝ նույն կերպ, ինչպես, օրինակ, երևանցին, լոռեցին կամ ղափանցին։ Այդ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվում էին ինչպես Արցախից ՀՀ այլ տարածքներ, այնպես էլ ՀՀ այլ տարածքներից Արցախ, և երկու դեպքերում էլ նրանք անխոչնդոտ ու լիարժեք իրականացնում էին իրենց քաղաքացիական իրավունքները։
Վառ օրինակներ են ՀՀ ներկայիս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլոք։ Իհարկե, այդ ընթացքում որոշ ազգաքայքայիչ ուժեր տարբեր պատրվակներով փորձում էին վիճարկել կամ կասկածի տակ դնել այդ փաստը, ինչի վերաբերյալ տեղի ունեցան բազմաթիվ դատական վեճեր։ Այդ հարցը հասավ ընդհուպ մինչև ՀՀ Վճռաբեկ դատարան, ինչպես նաև շոշափվեց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում։ Բոլոր վերջնական դատական ակտերում՝ դատարանները կամ միանշանակ ճանաչում էին արցախահայության ՀՀ քաղաքացիներ լինելու փաստը, կամ էլ անօրեն էին ճանաչում վերջիններիս քաղաքացիություն չունենալու հիմքով իրավունքներից զրկումը։
Օրինակ՝ 2021 թվականին ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունների ժամանակ տեղի ունեցան մոտ հարյուր դատական վեճեր, որոնց շրջանակներում 070 ծածկագրով անձնագրեր ունեցող արցախցիները դատարանի միջոցով ճանաչվեցին ՀՀ քաղքացիներ վերականգնեցին իրենց ընտրական իրավունքը։
Նշված կայուն դատական պրակտիկան և բազմաթիվ նախադեպերը այսօր ևս փորձ է կատարվում վերացնել և մոռացության մատնել։ Օրինակ՝ արցախցիների քաղաքացիության վերաբերյալ վերջին դատական վեճերը հիմնականում քննում են այնպիսի դատավորների կողմից, ովքեր ներգրավված են տարբեր քրեական գործերի շրջանակում կամ առնչություն ունեն դրանց հետ։ Եվ, բնականաբար, նման պայմաններում արդար դատաքննության մասին խոսք անգամ չի կարող լինել։
Ըստ էության՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերը որևէ տարանջատում արցախահայության և ՀՀ մյուս քաղաքացիների միջև առկա չէր։ Սակայն 2023 թվականին, Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից, ընդունվեց որոշում, որով արցախցիներին փաստացի զրկում են իրենց ՀՀ քաղաքացիությունից։ Նրանց ստիպում են ներկայացնել փաստերի հետ չհամապատասխանող՝ իբրև «կամավոր» դիմումներ՝ փախստականի կարգավիճակ ստանալու կամ ՀՀ նոր քաղաքացիություն ստանալու նպատակով։
Հակառակ դեպքում, ինչպես 1933-1938թթ․ Գերմանիայում հրեաների նկատմամբ, այնպես էլ այսօրվա Հայաստանում արցախցիների նկատմամբ կիրառում են ազատ տեղաշարժի, բնակավայր ընտրելու և որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքի սահմանափակումներ։ Օրինակ՝ անձամբ ինձ թույլ չեն տվել հատել Հայաստան-Վրաստան սահմանը այն պատճառաբանությամբ, որ իմ մոտ բացակայում էր ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, թեև ես ներկայացրել էի իմ ՀՀ քաղաքացու վավեր անձնագիրը, որով նախկինում բազմիցս անխոչնդոտ հատել էի նույն անցակետը։ Այս պատկերը շատ նման էր նրան, թե ինչպես էին ֆաշիստական Գերմանիայում հրեաներին ստիպում՝ տեղաշարժվելու համար, կրել դեղին աստղեր։
Որոշ արցախցիներին ՀՀ գործադիր իշխանությունները հրաժարվում են հաշվառել իրենց բնակության հասցեով, ինչի հետևանքով նրանք զրկվում են ֆինանսական աջակցություններից։ Եվ ճիշտ այնպես, ինչպես 1938 թվականին ֆաշիստական Գերմանիայում, արցախցիներին էլ տրամադրած նոր անձնագրերը տարբերակում են հատուկ տառով՝ «X»։ Նշված հարցում, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի միակ տարբերությունն Ադոլֆ Հիտլերից այն է, որ վերջինս նախընտրել էր «j» տառը։
Ըստ էության՝ մենք գործ ունենք Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի «h» կետով սահմանված մարդկության դեմ ուղղված առերևույթ հանցագործության հետ, որն կհամաձայնվեք, որ ակնհայտորեն շատ ավելի ծանր մեղադրանք է, քան ուղղակի քաղաքական հետապնդումները։ Նկարագրածի լույսի ներքո նշված քաղաքական հետապնդումների պատճառը փաստացի ստացվում է, որ ոչ թե մեկ այլ՝ երրորդ պետության, օգտին ներպետական անկայունության հրահրումն է, այլ կայանում է նրանում, որ հետապնդման ենթարկվածները հրաժարվել են համակերպվել մարդկության դեմ ուղղված հանցագործության հետ և բարձրաձայնել են իրենց ձայնը՝ ի պաշտպանություն սեփական ազգի, հավատքի և արժանապատվության՝ ինչի պատճառով էլ ենթարկվում են հետապնդումների։