Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։ Երբ լրագրողները հիշեցրին, որ ադրբեջանական կողմը պահանջներ է ներկայացնում Հայաստանին, օրինակ, Սահմանադրության փոփոխություն է պահանջում, ի՞նչ խաղաղության մտադրության մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նրանք էլ են ուզում բոլոր թղթերն ունենալ։
«Իրենք էլ են պատերազմ արել, իրենք էլ են մարդ սպանել, մենք էլ ենք մարդ սպանել։ Մենք պետք է հասկանանք, որ բացի մեր ընկալումից կա նաեւ իրենց ընկալումը։ Իրենց ընկալմամբ՝ մենք 30 տարի իրենց տարածքի 20 տոկոսը եւ ավելին օկուպացված ենք պահել։ Հիմա մենք նստենք, ապագոռգոռ հայտարարություններ անենք, շատ լավը թվանք տեսախցիկների առաջ, իսկ հարցը չլուծվի։ Որպեսզի դիմացինի հետ դիալոգ տեղի ունենա, դու պետք է հասկանաս՝ լավ, ես իմ դիրքորոշումն ունեմ, իրենց դիրքորոշումը ո՞րն է։ Իրենց դիրքորոշումը հետեւյալն է, որ հրահրվել է միջազգային բախում, որպեսզի միջազգային բախման ֆոնի վրա Սովետական միության փլուզման թեման դառնա երկրորդական։ Եվ այդ հրահրման հետեւանքով հայկական զորքերը ռուսական զորքերի աջակցությամբ գրավել են իրենց տարածքի 20 կամ 30 տոկոսը։ Հիմա մենք կարող ենք վիճել դրա հետ, կարող ենք համաձյան չլինել, ասել՝ սուտ է, բայց պետք է հասկանանք, որ մենք ունենք մեր ընկալումը, թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա, որպեսզի կարողանանք խոսել, պետք է հասկանանք, թե դիմացինն ինչ է ասում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ ադրբեջանական կողմի հետ շփումներում հասկացել է, որ իրենց դիրքորոշումը սա է։