Կարինե Մանասյան. վերադարձ Սյունիք 35 տարի անց, բայց Արցախը՝ սրտի մեջ

  • 15:40 23.10.2025

Կարինե Մանասյանն ասում է՝ այն օրերը, երբ դեռ գյուղում էին, նրա կյանքը լի էր երջանկությամբ՝ երեխաներով, հարեւաններով, գյուղական սովորական դարձած ջերմությամբ։

«Երջանիկ կյանք վարեցինք», — ասում է նա, ու այդ «երջանիկ»-ի մեջ՝ տարիների լիությունն է թաքնված։

1992-ի ամռանը Կարինեն ծանոթանում է ապագա ամուսնու հետ՝ Խուստուփի մոտ: Աղջիկներով Խուստուփի տարածք էին գնացել, երբ աղբյուր եկան մի խումբ երիտասարդներ։ Նրա քույրը նկատեց մի արցախցի տղայի, ով անընդհատ Կարինեին էր նայում։ Տղան խնդրեց ջուր տա իրեն, երբ շիշը մեկնեց, փոխանցման պահին շիշը ջարդվեց։ Երիտասարդն ասաց՝ «որեմն այդպես կանեմ, սա նշան է»։

Կարինեն չէր հասկանում այդ պահին՝ ինչ նկատի ունի։ Նոր էր ավարտել դպրոցը, աշխատում էր։ Իրեն իբր աշխատանքի տանելու պատրվակով ուղիղ Արցախ տարան։ Պատերազմն արդեն ընթացքի մեջ էր։

«Մի քանի մեքենա փոխելով՝ վերջում արդեն БТР-ով հասանք Բերձոր, հետո Շուշի», — պատմում է Կարինեն։

Անընդհատ մտածում էր, թե ինչպես փախչի և տուն վերադառնա, չնայած գիտեր, որ տանը դժվար ընդունեն իրեն։ Կեսգիշերին հասան տալոջ տուն՝ դուռը բացեց ու եղբորը հարցրեց՝ «էս խեղճ երեխային ինչո՞ւ ես բերել»։

Կարինեն անդադար լաց էր լինում, մտահոգվում՝ ծնողները ինչ վիճակում կլինեն։ Հրայրը թողեց նրան Շուշիում և գնաց Մաճկալաշեն. մի քանի օր անց եկավ հետևից, հարսանիք արեցին գյուղում։

Հաջորդող մի օր գյուղի կենտրոնում եռուզեռ էր. լսեցին, որ Ավոն կնոջ հետ է եկել։ Կարինեն շատ էր ուզում տեսնել նրան։ Ավոն մոտեցավ, Հրայրին ասաց՝ «Ուրիշները Երևան են փախցնում իրենց կանանց, դու այնտեղից ես բերել, օրինակելի արարք է, արի ճակատդ պաչեմ» և խնդրեց Սեդային՝ նկարի զույգին։

Կարինեի խոսքերով՝ այն ժամանակ դժվար էր պատկերացնել, որ օդում մի քանի անգամ թուղթը թափահարելով, կարելի է նկար տեսնել՝ այդ առաջին ամուսնական նկարը նրանց համար բացառիկ մասունք էր՝ Սեդայի արվածը։

35 տարի անց նրանք դարձան տեղահանվածներ։ 2023-ին ընտանիքով ստիպված թողեցին Արցախը և հաստատվեցին հայրենի Կապանում։ Նրանք երեք երեխա ունեին այնտեղ, ընտանիքը երջանիկ էր՝ մինչև պարտադրված հայաթափումը։

«Ոչ թե ես, այլ ամուսինս էր հենց Կապանը ընտրել», — նշում է նա՝ ցույց տալով, որ որոշման մեջ ընտանիքի անդամների անհատական դերը նույնպես կար։

Շուրջ երեք տասնամյակ անց Կարինեն վերադարձել է իր հայրենի քաղաք, բայց վերադարձը դժվար է եղել։ Մարտունին, Ներքին Ճարտարը (Ալիբալի) և ամբողջ Արցախը Կարինեի համար այսօր անպատմելի թանկ են դարձել։

Նա զգում է, որ նորից ապրում են սահմանին։ Սահմանամերձ Կապանում, ավելի շատ են «տանը» զգում, քան Հայաստանի որևէ այլ հատվածում։

«Բոլորին էլ խորհուրդ եմ տալիս՝ եկեք Սյունիք, շենացնենք ու ամրացնենք մեր ներկայությամբ, որ մի օր էլ, երբ բացվի ճանապարհը՝ մենք ամենաշուտը վերադառնանք տուն», — ասում է Կարինեն՝ հույսով և համառությամբ։

Նրա խոսքում մեծ է տուն վերադարձի ցանկությունը։ Վստահ է, որ դրան կհասնեն ամենօրյա աշխատանքով, սպասումով և համայնքային կառուցմամբ։

Մարիամ Սարգսյան