Հայաստանը միակողմանի՞ կբացի սահմանները Անկարայի և Բաքվի համար

  • 10:52 27.10.2025

Առաջին անգամ է, երբ մենք Հայաստանի բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, ըստ էության,  առաջին անգամ է, որ մենք բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, կարևոր է, որ նոր փաստեր, հանգամանքներ է ի հայտ բերում  հաստատված խաղաղությունը. «Մասնավորապես, նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է  դեպի Հայաստան  տարանցման սահմանափակումները։ Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է, նշանակում է  Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլը։ Կարևոր է նաև, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին, համապատասխան  քայլեր անի։

Այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է՝ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա,  մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով։ Սա ընդգծում եմ, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որ հենց այսօր կարող ենք իրականացնել»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույնկերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։

Ալիևը չի վերացրել դեպի Հայաստան տանող տարանցիկ սահմանափակումները. Հայաստանի համար նախատեսված բեռները, որոնք նա թույլատրել է տեղափոխել իր տարածքով, իրականում կմտնեն Հայաստան Վրաստանի միջոցով: Սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային անցակետերը կմնան փակ:

Այժմ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ապահովել Թուրքիայից (Մարգարա) տարանցումը Երասխով, Վայոց ձորով դեպի Գորիս և Ադրբեջան: Սա ենթադրում է, որ Հայաստանը ոչ միայն միակողմանիորեն կբացի իր սահմանը «երրորդ երկրների համար», այլև պարտավոր կլինի ապահովել անվտանգ միջանցք Երասխով, Վայոց ձորով և Սյունիքով, ինչը գործնականում կկտրի Վայոց ձորը և Սյունիքը Հայաստանից: Առնվազն, երբ այս ճանապարհով երթևեկեն թուրքական մեքենաները, հայկական մեքենաներին կարգելվի երթևեկել: