Խաղաղության մասին անվերջ խոսակցությունները բացառում են միջոցները, որոնք կկանխեն գործընթացի խափանումը

  • 13:06 27.10.2025

Երեկ Թրամփը միջնորդեց «խաղաղության պայմանագրի» ստորագրումը ևս երկու երկրների՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև։ Թրամփը կորցրել է իր «խաղաղության նախաձեռնությունների» հաշիվը, բայց միշտ հիշում է մեկ լուծված հակամարտություն։ «Կան Ադրբեջան և Հայաստան։ Դա շատ դժվար էր։ Իրականում, Պուտինը հեռախոսով ինձ պատմեց այդ մասին։ Նա ասաց. «Օ՜, Աստված իմ, դա ցնցող էր, քանի որ բոլորը փորձում էին դա անել, բայց չկարողացան»։ Ես դա արեցի», – եզրափակեց Թրամփը։

Փաշինյանն ու Ալիևը ամեն օր պնդում են, որ Թրամփի շնորհիվ խաղաղություն է հաստատվել, և որ տարածաշրջանային համագործակցությունը վաղը չէ մյուս օրը կսկսվի։ Հայկական կողմը ռազմական բախումների և զոհերի բացակայությունն է շեշտում որպես նվաճում, մինչդեռ Բաքուն շարունակում է պնդել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և Արցախի նկատմամբ Հայաստանի իրավունքից պաշտոնապես հրաժարվելը։ Այսպիսով, Բաքուն ցույց է տալիս, որ ո՛չ ռազմական ագրեսիան, ո՛չ օկուպացիան, ո՛չ Թրամփի միջնորդությունը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը չեն լուծել գլխավոր խնդիրը՝ հայկական Արցախի հանդեպ իրավունքի ձեռքբերումը։

Հողի հանդեպ սեփականության իրավունքն է հակամարտությունների կարգավորման բանալին, և Թրամփը փորձում է դառնալ այդ իրավունքի անվիճելի աղբյուրը ամբողջ աշխարհի համար: Թրամփը իր ստորագրությունը պատկերացնում է որպես խաղաղության երաշխիք, և նա մտադիր է օգտագործել հայկական Արցախի օրինակը որպես «նախադեպ»:

Թրամփը փորձում է այս նախադեպը տարածել ռուս-ուկրաինական հակամարտության վրա: Նրա առաջարկած ծրագիրը ենթադրում է Ռուսաստանի իրավունքի ճանաչում Ուկրաինայի օկուպացված տարածքների նկատմամբ: Միակ խնդիրը Դոնեցկի շրջանի 12%-ն է, և Թրամփը, ըստ երևույթին, որոշել է Պուտինին ժամանակ տալ այդ 12%-ը նվաճելու համար, ինչն այժմ տեղի է ունենում:

Ինչ վերաբերում է Գազայում «կարգավորմանը», այստեղ նույնպես վերջնական լուծումներ չկան. արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Համասը պահպանել է իշխանությունը և բոլոր իրավունքները Գազայում, մինչդեռ Իսրայելին հաջողվել է միայն ապահովել պատանդների վերադարձը: Հողի հանդեպ իրավունքի հարցը մնում է չլուծված:

Այս ֆոնին, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը որպես «վերջնականապես հաստատված խաղաղություն» ներկայացնելը վտանգավոր է թվում, քանի որ այն բացառում է գործընթացի ռազմական ագրեսիայի վերածվելը կանխելու միջոցառումները: Նման հեռանկարը հավանական է թվում՝ հաշվի առնելով հակամարտությունների կարգավորման համընդհանուր սկզբունքների բացակայությունը համաշխարհային մակարդակով և Թրամփի կամ որևէ մեկի անկարողությունը որոշել հողերի սեփականության իրավունքը։

Գործընթացի խափանումը «հաշտեցման» և դիմադրության թուլացման պայմաններում կարող է աղետալի լինել Հայաստանի համար։