
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավովածություններին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նախաստորագրված փաստաթղթին։
«Երեւի բոլորս կհիշենք, թե ինչ բարդ կոնֆիգուրացիաներով ինչպիսի ստեր եւ մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ՝ սահմանադրությունների փոփոխություն, հարյուր հազարավոր մարդկանց շարժ այստեղից այնտեղ եւ այլն։ Փառք Աստծո, թուղթը հրապարակային է, եւ տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից եւ որեւէ մեկն այդտեղ ոչ միայ չկա, այլ նաւե հեռավոր ակնարկ այդ ամեն ինչի մասին չկա»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ այսպիսի դրսեւորումները տեսանելի են որոշակի տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժերի եւ նրանց ազդեցությա տակ գտնվող մեդիա ռեսուրսների կողմից։ «Ցավալի է, բայց փաստ է, մեզ մնում է հերթական անգամ առանց դադարելու յուրաքանչյուր հնարավորության դեպքում ցույց տալ, որ այդ ամբողջը կեղծ է։ Վաշինգտոնյան համաձայնության ենթակառուցվածքների կտորին անդրադառնամ՝ չափազանց կարեւոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Իսկ Հայաստանը 30 եւ ավելի տարիներ գտնվում է շրջափակման ներքո, եւ հիմա երկու երկրները պայմանավորվել են ապաշրջափակել միմյանց միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքները կամ կառուցել նոր ենթակառուցվածքներ, եթե հարկ կլինի։ Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում մեզ համար։ Ես հասկանում եմ, որ երբեմն ցանկություն է առաջանում նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան-Նախիջեւան կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը, համաձայենցված սկզբունքները ներառում են նաեւ Ադրբեջան-Նախիջեւան կապը։ Ընդ որում, ենթակառուցվածքը նույնկերպ շահագործվելու ու օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշեց նա։
Արարատ Միրզոյանը կրկնեց, որ այդ գործընթացը տեղի է ունենալու տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ճանաչման, երկրների լիակատար ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ, եւ հետադարձության սկզբունքը եւս պահպանված է։
«Այն, ինչ կապաշրջափակվի, այդ թվում՝ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունը, գործելու է ամբողջապես ՀՀ իրավազորության ներքո։ Հիշում ենք՝ ամիսների, տարիների խոսակցություններն այն մասին, որ այս ենթակառուցվածքները հանձվելու են երրորդ երկրի վերահսկողությանը, կան երկրներ, որոնք քննարկվում էին որպես թեկնածուներ, երկրներ, որոնք անվտանգային կամ զինված ուժեր էին տեղակայելու այդ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Սիրելի հանրություն, ահա տեսնում ենք, որ այդ ամբողջ մանպուլյացիաները եւս հօդս ցնդեցին։ Նույն Վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում Հայաստանը եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ միասին կհիմնեն եւ ջանքեր կգործադրեն TRIPP ուղու իրականացման ուղղությամբ։ Սա ըստ էության կլինի հայ-ամերիկյան ուղղություն, որը կտնօրինի եւ կշահագործի այդ կապուղին»,- հայտարարեց նա։
Արարատ Միրզոյանը նաեւ հարցադրում արեց՝ ո՞րն է երաշխիքը, որ այս ամենը կպահվի կամ խաղաղությունը կշարունակվի։ «Երաշխիք ասելով՝ մշտապես նկատի է առնվել որեւէ երրորդ կողմի՝ շատ ուժեղ կամ մեծ տերությունների ստորագրությունը կամ բանավոր երաշխիքը։ Պետք է ասեմ, որ եւ մեր օրինակով, եւ բազմաթիվ այլ օրինակներով այս կարգի երաշխիքներն ընդհանրապես չեն գործել։ Եվ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այնուամենայնիվ երաշխիքը, որ կպահվի ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը, հետեւյալն է՝ բոլոր պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել, ստորագրել ենք եւ հրապարակել, այդ բոլոր պայմանավորվածությունները համարում ենք փոխշահավետ։ Այս փոխշահավետությունն է, որն ապահովելու է պայմանավորվածությունների հետագա ընթացքը, կենսագործումը եւ հարատեւությունը»,- նշեց նա։