
Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ մի կարևոր հայտարարություն է արել․ նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիա-Ադրբեջան տրանզիտի համար իր ավտոմոբիլային ճանապարհը և նշել երթուղին՝ Մարգարա, Երասխ, Սիսիան, Գորիս։ Նա նաև նշել է, որ այս պահին միայն այդ ճանապարհը կարող է բացվել։
Այս ճանապարհի մասին խոսք չկա ոչ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ոչ էլ Թրամփի ճանապարհի մասին 2025-ի օգոստոսի 8-ի հուշագրում։
Այսինքն՝ Հայաստանը միակողմանի տրամադրում է իր տարածքը թուրք-ադրբեջանական տրանզիտի համար, ոչ մի բան չստանալով։ Ընդ որում, եթե այս ճանապարհը օգտագործվի թուրքական տրանզիտի համար, ապա այն բառացիորոն կկտրի Հայաստանի հարավը՝ Վայոց ձորն ու Սյունիքը կենտրոնական Հայաստանից։ Եւ քանի որ Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ հաղորդակցություններ ունեն միմյանց կապվելու համար՝ Վրաստանով և Իրանով, ապա ստացվում է, որ Հայաստանով այդ երթուղու իմաստը՝ միայն Հայաստանի հարավը կտրելն է։
Այս ճանապարը 2022 թ․ սեպտեմբերին Ջերմուկի վրա հարձակման փորձի իմաստն էր։ Բաքուն պետք է մտներ Ջերմուկ և գրավեր Սիսիան-Երասխ ճանապարհը։ Այն ժամանակ դա չստացվեց՝ հայ զինվորների սխրանքի, այդ թվում՝ Արցախից հասած օգնության, նաև ԱՄՆ դիրքորոշման շնորհիվ։ Եթե հիշում եք, հենց այդ օրերին Հայաստան եկավ Նենսի Փելոսին։
Այս ճանապարհը՝ Հայաստանը խեղտող պարանն է, և պատահական չէ, որ հենց այդ երթուղին է առաջարկվում որպես միակ հնարավորը։ Մնացածը Անկարային և Բաքվին պետք չեն։
Հետաքրքիր է, որ հենց այս օրերին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ Թրամփի ուղին առանց բոլոր կոմունիկացիաները բացելու իմաստ չունի։ Քանի որ դեռ ոչ մի նշան չկա, որ Բաքուն կբացի Նախիջևանը, կամ որ Հայաստան-Ադրբեջան անցակետերը կբացվեն, ստացվում է, որ ՀՀ Կառավարությունը խոստովանում է Թրամփի ճանապարհի անիմաստ լինելը։
«42-ից 43 կմ հատվածի առումով խոսքը գնում է երկաթգծին, որովհետև երկաթգծի ուղին այլևս պարզ է, ինքը փոփոխելու խնդիր չունի, որովհետև, խոսքը գնում է Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի վերականգնման մասին։ Բայց ըստ պայմանավորվածությունների՝ խոսքը գնում է ենթակառուցվածքային ռեգիոնալ ինտեգրացիայի մասին, նշանակում է՝ բոլոր հնարավոր կապերը պետք է իրականություն դառնան, հակառակ դեպքում՝ ենթակառուցվածքի ֆրագմենտը չի կատարի այն դերը, չի ունենա այն դերը, որի մասին մենք խոսում ենք։Պետք է սինխրոն բացվեն բոլոր ճանապարհները, հակառակ դեպքում ինքը ուղղակի չի աշխատի լիարժեք։, երեկ ասել է Մհեր Գրիգորյանն «Ազատությանը»։
«Առնվազն մինչև Գյումրի չհասնելու պարագայում «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, ուղղակի իմաստը կորցնում է»: Սա էլ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այսինքն եթե արևելքից ենք շարժը նկարագրում, եթե չի մտնելու Հայաստան, անցնի Հայաստանի հարավով, եթե երկաթուղին մտնում է Հայաստանի հարավ, անցնում է Հայաստանով, մտնում է Նախիջևան և չի շարունակվում Իջևանով և Երասխով չի մտնում, նորից Հայաստանում հասնում ինչ-որ մի տեղ, ապա իմաստ չունի», ասել է նա։
Պատասխանելով հարցին, կբացվի՞ Երասխ-Նախիջևան երկաթուղին, Արարատ Միրզոյանն ասաց, որ դա էլ կտեսնենք։ Որպես երաշխիք նա նշեց միայն «փոխշահավետությունը։»
Գրիգորյանի և Միրզոյանի հայտարարությունները հակասում են Նիկոլ Փաշինյանի խոսքերին․ փաստորեն, նա պատրաստ է բացել մեկ ճանապարը՝ առանց մնացած կոմունիկացիաների բացման երաշխիքի։