Սիմոնյան․ Երևան գալու Ալիևի մերժման մասին պաշտոնական տեղեկություն չկա

  • 13:08 31.10.2025

«Պատրաստ եղեք, հարգելի ժողովուրդ, որ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան։ Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես, մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են, եւ մենք այդ շփումները խորացնելու ենք»,- այսօր խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա անդրադարձավ ադրբեջանական կողմի այն տեղեկատվությանը, թե Ալիեւը չի այցելի Հայաստան եւ չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ նման պաշտոնական տեղեկատվություն չկա։ «Հրավերը բոլոր երկրներին է ուղարկվել, եւ մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահներն այդ միջազգային մեծ կոնֆերանսին ներկա կգտնվեն։ Մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի»,- նշեց Սիմոնյանը։

Նա ասաց, որ Ադրբեջանի Մեջլիսի նախագահն իր հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք ՀՀ գալու հետ կապված որեւիցե խնդիր չունեն։

Ալեն Սիմոնյանը չի նշել, թե երբ են ադրբեջանցիները խնդիրներ ունեցել Հայաստան մուտք գործելու հարցում: Երևանը երբեք չի արգելել Բաքվի պաշտոնյաներին, լրագրողներին կամ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին այցելել Հակաստան, այդ թվում Արցախ, սակայն այցելածների մեծ մասը հետագայում բանտարկվել են Բաքվում հայերի հետ համագործակցելու մեղադրանքով կամ ստիպված են եղել լքել երկիրը: Հետևաբար, ոչ թե Երևանը պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրի Հայաստան այցելողներին, այլ Բաքուն, որը, իր սեփական նպատակներին հասնելու համար, նման երաշխիքներ կտրամադրի միայն նրանց, ովքեր կրում են որոշակի ուղերձ: Օրինակ՝ «էկոակտիվիստին», որը մասնակցել է Արցախի շրջափակմանը: