
DW
ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներ Փիթ Հեգսեթը և Ռաջնաթ Սինգհը ստորագրեցին պաշտպանության ոլորտում կարևոր համաձայնագիր: ԱՄՆ-Հնդկաստանի պաշտպանական գործընկերության ամրապնդման 10-ամյա շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է Մալայզիայում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովում, ուրբաթ՝ հոկտեմբերի 31-ին։
Հեգսեթի խոսքով՝ համաձայնագիրը «տարածաշրջանային կայունության և զսպման անկյունաքարն» է և կնպաստի երկու երկրների միջև ավելի խորը համակարգմանը, հետախուզական տվյալների փոխանակմանը և տեխնոլոգիական համագործակցությանը։
«Սա մեր զինված ուժերի համար նշանակալի քայլ է, ճանապարհային քարտեզ՝ հետագա, ավելի խորը և ավելի իմաստալից համագործակցության համար», – ստորագրումից հետո լրագրողներին ասաց Պենտագոնի ղեկավարը։
Իր հերթին, հնդիկ նախարարը գովաբանեց իր ամերիկացի գործընկերոջ հետ «արդյունավետ հանդիպումը»։ Նա ընդգծեց, որ համաձայնագիրը կօգնի «թևակոխել նոր դարաշրջան» Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական հարաբերություններում։ Ստորագրված փաստաթուղթը արտացոլում է երկու երկրների միջև «աճող ռազմավարական մերձեցումը» և կարևոր նշանակություն ունի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, հավելեց Սինգհը։