Ինչպես է Պուտինը, «հաղթելով» Ուկրաինային, «զբաղվելու» Ալիևով

  • 10:41 03.11.2025

«Ալիևն ընդդեմ Պուտինի» շոուն, որը սկսվել էր մոտ մեկ տարի առաջ, հաջողությամբ ավարտվեց, բայց ոչ Դուշանբեում, որտեղ Պուտինը և Ալիևը կրկին «ընկերացան»։ Շոուն ավարտվեց «Լուկոյլ»-ի «սեփականատիրոջ փոփոխությամբ»։

Նույնիսկ այս ամռանը, երբ Ռուսաստանում սկսվեցին ադրբեջանցի օլիգարխների, կամ, ինչպես նրանց անվանում էին, մաֆիայի վրա հարձակումները, գիտակ փորձագետները գրեցին, որ խնդիրը զուտ կրիմինալ բիզնեսն է. ինչ-որ մեկը փորձում էր խլել ինչ-որ մեկի բիզնեսը կամ ազդեցության ոլորտը։

Այժմ, երբ պարզ դարձավ, որ Պուտինը բացահայտորեն ստանձնում է «Լուկոյլ»-ը, որի դեմ պատժամիջոցներ է սահմանել Թրամփը, կարելի է եզրակացնել, որ Պուտինի և Ալիևի միջև «հակամարտության» պատճառներից մեկը Ռուսաստանի ամենամեծ մասնավոր նավթային ընկերությունն էր, որը գլխավորում է ազգությամբ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովը։

Կան տարբեր տեղեկություններ այն մասին, թե որքանով են սերտ Ալեքպերովի և Ալիևի անձնական կապերը։ Նրանց կապերի մասին պաշտոնական շար հիշատակում չկա, չնայած որոշ հանրային աղբյուրներում Ալեքպերովին նույնիսկ անվանում են ավագ Ալիևի ապօրինի որդի։ Բայց նաև պարզ է, որ Ալեքպերովը, այլ ոչ թե Ալիևն է համարվում աշխարհի ամենաազդեցիկ ադրբեջանցին։ Այդպես այլևս չի լինի։

Մասնագետները նշում են, որ «Լուկոյլը» անուղղակիորեն պատկանում է Պուտինի շրջապատին, և «Ադրբեջանի» անվան տակ ընկերությունը բավականին հաջողությամբ է նվաճել արտաքին շուկաները, բայց Բաքուն քիչ օգուտ է դրանից ստացել: Պատժամիջոցների կիրառումից մի քանի օր անց լուրեր տարածվեցին «Լուկոյլի» կողմից իր արտասահմանյան ակտիվները Պուտինի հետ կապված «Գունվոր» ընկերությանը վաճառելու մտադրության մասին։

Իհարկե, սա Պուտին-Ալիև անհավանական «հակամարտության» միայն մեկ շերտն է: Այս գործողությունը տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ սկսվեց ամերիկյան «միջնորդությունը» հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Պուտինը անմիջապես ողջունեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը»՝ ասելով, որ այն գործնականում նույնն է, ինչի մասին կողմերը համաձայնության էին եկել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Պուտինի միջնորդությամբ: Ի վերջո, կարևորը այն չէ, թե ում զորքերն են տեղակայված Մեղրիի ճանապարհին, այլ այն, որ միջանցք կբացվի՝ փակելով Իրան-Հայաստան սահմանը և խլելով Հայաստանի հարավային նեղուցը: Պատահական չէ, որ Պուտինը, ով «ինքն է գրել այն», նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ներառել է նաև «միջանցքի» մասին կետ:

Ալիևը չի կարող առանց Պուտինի. նրանք ձեռք ձեռքի տված աշխատում են և ծիծաղում են հայերի վրա, ովքեր ասում են, որ «Պուտինը շուտով կհաղթի Ուկրաինայում և «կզբաղվի» Ալիևով»։