Հայաստանը 1990-ականներին հաղթել է պատերազմը, բայց չի հաղթել խաղաղությունը. ի՞նչ կանի Բաքուն

  • 20:28 04.11.2025

Անկարայում ասում են, որ 2026 թվականի սկզբին Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի քաղաքացիների համար։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի 2025» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը։

«Ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության։ Ճնշմա՞ն միջոցով։ 120 տարի փորձել են։ Չի ստացվել։ Սահմանի երկու կողմերի մարդիկ իրար չեն ճանաչում և փոխանակվում են ատելության հռետորաբանությամբ»,- նշել է Փայլանը։

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը առանց միջնորդների են շփվում միմյանց հետ, հայ և թուրք պաշտոնյաները անմիջականորեն են զրուցում միմյանց հետ։

«Սա երազանք է, որն իրականացել է։ Հայաստանը 1990-ականներին հաղթել է պատերազմը, բայց չի հաղթել խաղաղությունը։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում հաղթել է Ադրբեջանը, բայց արդյոք ադրբեջանական առաջնորդները կունենա՞ն այնքան իմաստնություն, որպեսզի հաղթանակ տանեն նաև խաղաղության կառուցման գործում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան նույնպես պատրաստ է կարգավորման»,- ընդգծել է նա։