
34-ամյա դեմոկրատ Զոհրան Մամդանին հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում է Associated Press-ը։
Նախնական ձայների հաշվարկից հետո Մամդանին իր կողմնակիցներին ասել է, որ այս ընտրությունները «տապալել են քաղաքական դինաստիան»։
Մամդանին հնդկական ծագում ունեցող քաղաքական գործիչ է, ծնունդով Ուգանդայից։ Նա ԱՄՆ քաղաքացիություն է ստացել միայն 2018-ին։
Մամդանին նաև հայտարարել է, որ կձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի քաղաք։ «Ես բազմիցս ասել եմ. մեր քաղաքը հավատում է միջազգային իրավունքին։ Սա այն քաղաքն է, որը արժանի է, որ իր արժեքները արտացոլվեն մեր պարտավորություններում։ Ես կարծում եմ, որ մեր պարտականությունն է կատարել Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերները», – CNN-ին տված հարցազրույցում ասել է Մամդանին։ Թեկուզ Միացյալ Նահանգները չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը ազգային մակարդակով։
Նյու Յորքում ծնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մամդանիին անվանում է «100 տոկոսով կոմունիստ մոլեռանդ»։ Սեպտեմբերի 28-ին նա Truth Social-ում գրել է, որ դեմոկրատ սոցիալիստի հաղթանակը Հանրապետական կուսակցության համար «լավագույն բաներից մեկը կլինի»։ «Նա խնդիրներ կունենա Վաշինգտոնում, ի տարբերություն մեր երբեմնի մեծ քաղաքի պատմության մեջ եղած որևէ քաղաքապետի։ Հիշե՛ք. նրան ինձանից՝ որպես նախագահ, փող է պետք՝ իր բոլոր ԿԵՂԾ կոմունիստական խոստումները կատարելու համար։ Եվ նա դրանից ոչ մի կոպեկ չի ստանա», – խոստացել է Թրամփը։
Ամռանից ի վեր Ամերիկայի նախագահը նաև սպառնացել է Նյու Յորքը դաշնային վերահսկողության տակ վերցնել՝ այն «մաքրելու» համար։
2016 թվականին Սադիք Խանը, պակիստանյան ծագումով մահմեդական բրիտանացին դարձավ Լոնդոնի քաղաքապետ և վերընտրվեց երրորդ ժամկետով՝ 2024 թվականին։ Նրան ևս նկարագրում են որպես կենտրոն-ձախ սոցիալ-դեմոկրատ։ Թրամփը բազմիցս նսեմացնող և նույնիսկ վիրավորական դիտողություններ է արել Սադիք Խանի մասին։ Այժմ նա ունի իր սեփական մուսուլման քաղաքապետը Նյու Յորքում։