«Անհարմար վիճակ կարող է ստեղծվել, երբ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա»

  • 13:47 05.11.2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում դժվարացավ ասել, թե երբ կստորագրվի Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագիրը»։ «Դուք ասում եք՝ նախաստորագրված պայմանագիր, բայց այդ նախաստորագրմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն արձանագրված է»,- ասաց նա։

Հարցին՝ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են, դա խաղաղության մասի՞ն է փաստում, Միրզոյանը պատասխանեց․ «Դուք ասում եք՝ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են, ես էլ կարող եմ ասել՝ Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում, համաձա՞յն  չեք։ Մենք խոսում ենք Ադրբեջանով Հայաստան մտնող բեռների մասին, կարո՞ղ ենք սա ապակառուցողական որակել, կարծում եմ՝ ոչ»։

Հարցին, թե ինչքանո՞վ է տեղավորվում իր նշած «խաղաղության» տրամաբանության մեջ այն, որ Ալիեւը ՀՀ տարածքները ադրբեջանական անուններով է անվանում ու խոսում ադրբեջանցիների վերադարձի մասին, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Չի տեղավորվում, մի ճշտմամբ, իհարկե։ Ես չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձեւակերպումն այսպես էր՝ ցարական քարտեզներում չկա Սեւան, կա Գյոյչա։ Չեմ կարծում, թե կարելի է  ասել, որ Ալիեւն ասում է՝ այսօր չկա Սեւան, կա Գյոյչա։ Բայց միեւնույն է, սա ամենակառուցողական ձեւակերպումը չէ եւ իսկապես չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության տրամաբանության մեջ։ Ես էլ կարող եմ ասել, որ կան ցարական շրջանի բազմաթիվ քարտեզներ, որտեղ կա Սեւան, չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետեւ շատ անհարմար վիճակ կարող է ստեղծվել, եւ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա»։

Անդրադանռնալով ադրբեջանցիներին ՀՀ-ում բնակեցնելու մասին հայտարարություններին՝ Միրզոյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները պետք է ապրեն Հայաստանում, ենթադրում եմ՝ Ադրբեջանի քաղաքացիները՝ Ադրբեջանում»։