Ռուս փորձագետ. Թրամփի ուղին լիովին համապատասխանում է ռուսական տրամաբանությանը

  • 16:36 05.11.2025

Հայաստանում իշխանամետ քարոզչության փորձերը՝ արդարացնել զիջումները և «ամերիկյան միջնորդությամբ կնքված խաղաղությունը» ներկայացնել որպես Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից, պարբերաբար հերքվում են Մոսկվայի կողմից։

Միացյալ Նահանգները առաջարկում է ստեղծել միասնական տարածք Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև, որտեղ բոլոր մասնակիցները կարող են տնտեսական օգուտներ քաղել, և դա լիովին տեղավորվում է ռուսական տրամաբանության մեջ։ Այս մասին նոյեմբերի 5-ին «Օրբելի 2025» միջազգային ֆորումում հայտարարել է ռուս քաղաքագետ Վիկտորիա Ժուրավլևան։

«ԱՄՆ շահերի հետևում միշտ կարելի է նկատել աշխարհաքաղաքական նպատակներ՝ մեկուսացնել Ռուսաստանը և դուրս մղել այն տարածաշրջանից։ Սա է այն, ինչ մենք լսել ենք բանակցային գործընթացի ողջ ընթացքում։ Օգոստոսին, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրման ժամանակ, առաջին արձագանքն այն էր, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից», – նշել է քաղաքագետը։ Սակայն, նրա կարծիքով, այս սկեպտիցիզմը հիմնված է հակամարտության ավանդական ընկալումների վրա։ Իրականում Ռուսաստանը շահում է «Թրամփի ճանապարհից»։

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս խոստովանեց, որ Ռուսաստանը և Իրանը դեմ չեն եղել «Թրամփի ճանապարհին»։

Ավելին, Ռուսաստանը ճանապարհների բացման անմիջական շահառու է։

Առաջիկա ժամերին Ադրբեջանից Վրաստան կհասցվի 15 վագոնների մեջ բեռնված ռուսական հացահատիկը, որից հետո այն կուղարկվի Հայաստան։ Այս մասին ակսօր հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը Երևանում կայացած մամուլի ասուլիսում։

Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը բոլոր իրավունքներն ունի գոյության, քանի որ հաղորդակցությունները միշտ խթանում են առևտուրը և երկրների միջև հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ հանդիպումից հետո։

Նա նրբանկատորեն չի հիշեցրել նույն ճանապարհի հիշատակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բայց ընդունել է, որ այն «չի խանգարում» Ռուսաստանին, չնայած այն անվանվում է «Թրամփի ճանապարհ»։ Նա կրկին նշել է, որ Մոսկվան զգալի ներդրում է ունեցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։