Տեղահանությունից հետո 45-ն անց կին է, անընդհատ աշխատանքի փնտրտուքի մեջ է

  • 17:34 07.11.2025

Երևանի ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի աշխատանքի տեղավորման գործակալություններից մեկի դիմաց հանդիպեցի արցախցի իմ ծանոթներից մեկին։ Ասկերանի շրջանից էր։ Աշխատում էր պետական համակարգում՝ զբաղեցնելով քաղծառայության գլխավոր մասնագետի, բաժնի պետի պաշտոն։ Տեղահանությունից հետո 45-ն անց կինն անընդհատ աշխատանքի փնտրտուքի մեջ է։ Ինչպես ինքն է ասում՝ չգիտի լացի, թե խնդա ամենուր տարիքային սահմանափակումներ են, անհեթեթ պահանջներ:

-Երևանում հաստատվելուց հետո անմիջապես սկսել եմ աշխատանք փնտրել։ Տարբեր գործակալությունների եմ դիմել։ Մի դեղագործական կազմակերպությունում դեղերի կոմպլեկտավորման ու դեղերի դասավորման համար պահեստի աշխատակիցներ էին պահանջվում։ Մասնակցել եմ հարցազրույցին։ Հետաքրքիրն այն էր, որ պահանջվում էր նաև մաթեմատիկայի ու անգլերենի բավարար իմացություն, ինչը ես ունեի։ Ասացին, որ կզանգեն ու այդպես էլ մինչև հիմա չեն զանգել։ Կարծում եմ՝ անգամ պահեստի աշխատակից դառնալու համար տարիքային սահմանափակումներ կան, թեկուզ բացեիբաց չեն ասում։ Միևնույն ժամանակ մտածում եմ, որ ՀՀ քաղաքացիություն չունենալը ևս խոչընդոտ է։

Փորձել եմ աշխատել մի այլ արտադրամասում, իհարկե, որպես բանվոր, սակայն չեմ կարողացել շարունակել, քանի որ աշխատատեղը մեր բնակության վայրից շատ հեռու էր, իսկ տունը փոխել չեմ կարող, որովհետև որդիս դպրոց է հաճախում և չի ցանկանում կրկին փոխել դպրոցը։

Զրուցակիցս շարունակում է պատմել, թե այս տարիների ընթացքում ինչերի միջով է անցել, քանի անգամ բնակարան փոխել, իսկ արցախցիներին տրվող բնակվարձի աջակցության դադարեցումից հետո, ինչպես շատ-շատերի, այնպես էլ իր ընտանիքի վիճակն ավելի է վատացել։ Տեսնելով, որ չի կարողանում իր մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվել, խնդիր է նաև այլ աշխատանքի անցնելը, որոշել է զբաղվել օնլայն առևտրով։

-Ստիպված անցել եմ մարկետփլեյսի մենեջերի և սելլերի վճարովի դասընթացներ ու վերապատրաստումներ։ Դասընթացների համար վճարել եմ 250 000 դրամ, այս պահին մասնակցում եմ վերապատրաստման, որի արժեքը 200 000 դրամ է։ Առանց նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավոր չէ զբաղվել որևէ բիզնեսով։ Անընդհատ պետք է սովորել, հմտանալ, կատարելագործվել։ Աշխատում եմ օնլայն՝ մարկետփլեյսում վաստակելով միայն իմ վարձակալած բնակարանի վարձավճարը, ինչը բավարար չէ ապրելու համար։

Դրա հետ մեկտեղ նորից եմ աշխատանք փնտրում, որ լիարժեք կարողանամ ապահովել իմ ընտանիքի կարիքները։ Ցավալի է, որ արցախցի մեր մասնագետները, ովքեր ունեն համապատասխան փորձ ու գիտելիքներ, չեն կարողանում աշխատել մասնագիտությամբ և ստիպված են կատարել ցանկացած աշխատանք, որպեսզի պարզապես գոյատևեն։ Այդ միտքը շատ է մտատանջում ինձ, իսկ հարցի լուծումը դեռ չեմ տեսնում։

Միաժամանակ իմ հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս չվհատվել, չկոտրվել, որովհետև չի կարող այսպես երկար շարունակվել։ Համոզված եմ՝ լավ փոփոխություններ լինելու են, իսկ Արցախ վերադարձի հույսը մեր մեջ երբեք չպետք է մարվի:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ