
Արցախից տեղահանված Արեգա Իշխանյանը չի կարողանում գտնել հարցի պատասխանը՝ ի՞նչ կարգավիճակում է իր 2 հոգանոց ընտանիքը, ինչպե՞ս պետք է ապրեն 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մայր ու որդի։
Տիկին Արեգան ծնվել է Արցախի Քարագլուխ գյուղում, ապա տեղափոխվել Խրամորթ ու այնտեղ ավարտել միջնակարգ կրթությունը։ Աշխատանքի է անցել Ասկերանի կապի բաժանմունքում և ուսումը շարունակել Բաքվի կապի տեխնիկումում։ Ամուսնացել ու ապրում էր Ստեփանակերտ քաղաքում։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հմուտ ու բանիմաց զինվորական ամուսնու կյանքի թելը կտրվել է 2008 թվականին։
– 2023-ի բռնի տեղահանությունից հետո ապրում էինք վարձակալած բնակարանում։ Որպես զոհվածի այրի՝ ստանում եմ 30000 դրամ պարգևավճար։ Իմ և որդուս հաշմանդամության թոշակները կազմում են 43500 և 36000-ական դրամ գումար։ Այդ գումարով կարողանում էինք գոյատևել․ գումարի մեծ մասն ուղղելով դեղորայք գնելուն։ ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրվող աջակցության գումարով էլ վճարում էինք տան վարձը։
Սակայն աջակցության դադարեցումից հետո մենք չկարողացանք տան վարձը տալ ու ստիպված տեղափոխվեցինք քրոջս տուն ու ապրում ենք նրա բազմանդամ ընտանիքի հետ, որովհետև մեր տուն մտնող գումարով չենք կարող տուն վարձակալել, կոմունալ ծախսեր վճարել, դեղորայք գնել, հետն էլ սնվել։ Ճիշտ է, քույրս մեծ սիրով է ընդունել մեզ, բայց մինչև երբ կարող ենք ապրել նրա տանը։
Առանց աջակցության, պարզ է, տուն վարձակալել չենք կարող։ Դիմել ենք հրատապ աջակցություն ստանալու համար, սակայն մինչև այսօր մեր դիմումները չեն ընթացքավորվել։ Հիմա ես չեմ հասկանում՝ մենք խոցելի խո՞ւմբ ենք, թե՞ ոչ։
Իմ կարգավիճակում գտնվող ընտանիքները շատ են, և ես բոլորի անունից եմ բարձրացնում մեզ մտատանջող հարցը։ Մի՞թե հնարավոր չէ գոնե սոցիալական բնակարաններ տրամադրել, քանի որ բնակապահովման ծրագրով փոքրակազմ ընտանիքների համար տուն ձեռք բերելը պատրանք է։ Կամ էլ, առանց խտրականության, բոլոր արցախցիներին ընդգրկեն բնակվարձերի աջակցության ծրագրի մեջ։
Դիմել եմ ԱՀ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին, ներկայացրել մեր անելանելի վիճակը։ Պատասխանել է, որ այդ խնդիրը բազմիցս է բարձրացվում, սակայն ՀՀ կառավարության կողմից որևէ լուծում դեռևս չկա։
Թող տպավորություն չլինի, թե մենք օգնություն ենք խնդրում։ Պարզապես ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպե՞ս են լուծվելու մեր կարգավիճակն ունեցող մարդկանց խնդիրները, ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ,- ասում է տեղահանված կինը։
Արեգա Իշխանյանի ու նրա որդու առողջական խնդիրները չեն ներում աշխատելու համար։ Արդեն քանի տարի է, ինչ պրոտեզավորված է նրա ողնաշարը, իսկ մանկուց հաշմանդամ, 39-ամյա որդին ամենօրյա խնամքի ու վերահսկողության կարիք ունի։ Էդուարդը հիվանդացել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին․ նկատվել է սուր գլխացավ, ապա բացահայտվել անբուժելի հիվանդությունը։
-Չնայած հազվագյուտ հիվանդությանը՝ որդիս միջնակարգ կրթություն է ստացել, հետո ավարտել Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջը։ Երգում էր, մասնակցում մշակութային միջոցառումների։ Սակայն հոր մահից հետո հեռացել է երաժշտությունից, իսկ հիվանդությունն սկսվել է ավելի սրվել։
Տեղահանությունից հետո մենք ստիպված ենք Երևան քաղաքում հաստատվել, որովհետև հիվանդանոցները մեր կյանքի անբաժան մասն են կազմում, իսկ մարզերից Երևան հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Այստեղ մենք գրանցվել ենք մեր տարածքային բժշկական կենտրոնում, սակայն որդուս տվյալները Արթմեդ բժշկական համակարգում բացակայում են, ինչը հետագայում խնդրի առաջ է կանգնեցնելու նրան։ Հիվանդանոցում ինձ ասել են, եթե ժամանակավոր պաշտպանության վկայականներն այլևս չգործեն, ապա նա չի կարող օգտվել անվճար բժշկական ծառայություններից։ Չգիտեմ, թե այդ հարցը ինչպիսի կարգավորում պետք է ստանա։ Ինձ անհասկանալի է, որ տղայիս տվյալները գրանցված չեն Արթմեդ համակարգում, չնայած, որ ստանում է հաշմանդամության թոշակ,-ավելացնում է տիկին Արեգան։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ