Հղիության արհեստական ընդհատումները ՀՀ-ում․ պատճառներն ու հետևանքները

  • 10:40 14.11.2025

Հարցազրույց գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ

Հայաստանում հղիության արհեստական ընդհատման թեման շարունակում է մնալ թե՛ բժշկական, թե՜ սոցիալական քննարկումների կենտրոնում։ Թեև իրավական դաշտը կնոջը տալիս է հղիությունը դադարեցնելու ազատ ընտրության իրավունք, հարցը շարունակում է մնալ զգայուն՝ ուղեկցվելով հոգեբանական, տնտեսական և մշակութային գործոններով։

Ըստ Հայաստանի օրենսդրության՝ յուրաքանչյուր կին կարող է դադարեցնել հղիությունը մինչև 11 շաբաթ 7 օր ժամկետում՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Այդ ժամկետից հետո՝ մինչև 22 շաբաթ, ընդհատումն արդեն թույլատրվում է միայն բժշկական կամ սոցիալական հիմնավորումներով։ Բժշկական ցուցումները վերաբերում են այն դեպքերին, երբ հղիությունը վտանգում է կնոջ կամ պտղի կյանքը, իսկ սոցիալական ցուցումները ներառում են ամուսնու մահը հղիության ընթացքում, ամուսնալուծությունը, ազատազրկման պատիժը կամ հղիությունը բռնաբարության արդյունքում (Կառավարության N 180-Ն որոշում, 2024 թ.)։

Օրենքը նաև պարտադրում է, որ բժիշկը կնոջը տրամադրի առնվազն երեք օր որոշման կայացման համար, ինչպես նաև անվճար խորհրդատվություն՝ ընդհատման հնարավոր առողջական և հոգեբանական հետևանքների մասին։ Միջամտությունից հետո կնոջը պետք է տրամադրվի տեղեկություն՝ անցանկալի հղիությունը կանխելու միջոցների վերաբերյալ։

Վիճակագրական տվյալներով՝ վերջին տարիներին Հայաստանում տարեկան իրականացվում է միջինում 7 000–9 000 հղիության արհեստական ընդհատում ։ Թեև ցուցանիշը որոշ նվազման միտում ունի, մասնագետները նշում են, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Դրա պատճառներն են՝ սոցիալ-տնտեսական անապահովությունը, հակաբեղմնավորիչների վերաբերյալ տեղեկատվական բացերը, ինչպես նաև հասարակական վերաբերմունքը, որը հաճախ կնոջ որոշումը դարձնում է դատապարտման առարկա։

ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալներով՝ աշխարհում կատարվող աբորտների շուրջ 45 %-ը դեռ իրականացվում են ոչ անվտանգ պայմաններում, իսկ զարգացող երկրներում այդ ցուցանիշը գերազանցում է 60 %-ը (WHO, Abortion Fact Sheet, 2023)։ Սա հստակ ցույց է տալիս, որ իրավական սահմանափակումները միայնակ չեն կարող կանխել խնդիրը՝ առանց կանխարգելման, կրթության և աջակցության համակարգերի զարգացման։

Խնդիրը առավել խորությամբ հասկանալու և իրավիճակի վրա մասնագիտական հայացք նետելու համար մենք զրուցեցինք գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ, ով կներկայացնի՝  ինչ հիմնական պատճառներով են կանայք դիմում հղիության ընդհատման, որքանով են տեղեկացված հակաբեղմնավորիչների մասին և ինչ քայլեր կարող են նվազեցնել ոչ ցանկալի հղիությունների և դրանց հետևանքների թիվը:

– Տիկին Մաղաքելյան, հաշվի առնելով Ձեր փորձը, որո՞նք են հիմնական պատճառները, որ կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման Հայաստանում։

-Պատճառները բազմաշերտ են։ Ամենատարածվածը անապահովությունն է․ կանայք հաճախ պարզապես չեն կարող իրենց թույլ տալ երեխայի ծնունդը ֆինանսական դժվարությունների պայմաններում։ Երկրորդը տեղեկատվական բացերն են․ դեռևս մեծ թվով երիտասարդ կանայք չգիտեն՝ ինչպես ճիշտ օգտագործել հակաբեղմնավորիչ միջոցները։ Ուստի առիթից օգտվելով՝ հիշեցնեմ, որ ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում անվճար տրամադրվում են պահպանակներ: Երրորդ կարևոր գործոնը հոգեբանական և ընտանեկան ճնշումն է․ որոշ դեպքերում կինն ինքը չի որոշում, այլ ենթարկվում է ամուսնու կամ ընտանիքի այլ անդամների ճնշմանը։

– Որքանո՞վ են այսօր կանայք տեղեկացված հակաբեղմնավորիչ միջոցների և դրանց ճիշտ կիրառման մասին։

-Ցավոք, ոչ բավարար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց մոտ կեսը չունի բավարար գիտելիք՝ ինչպես ընտրել և կիրառել հակաբեղմնավորիչներ։ Դպրոցական ծրագրերում սեռական կրթությունը դեռևս պարտադիր չէ, և դա լուրջ բաց է։ Եթե յուրաքանչյուր երիտասարդ կին ունենար ճշգրիտ տեղեկատվություն և հասանելի ծառայություններ, հղիության արհեստական ընդհատումների թիվը կարող էր զգալիորեն նվազել։

– Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդիրը որքանո՞վ է շարունակում արդիական մնալ։

-Այն զգալիորեն նվազել է, բայց ամբողջությամբ չի վերացել։ Որոշ մարզերում՝ մասնավորապես Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, դեռ պահպանվում է տղա երեխա ունենալու սոցիալ-մշակութային սպասումը։ Այդ նախընտրությունները գալիս են խորքային ավանդույթներից ու կարծրատիպերից։ Սակայն բժիշկների և հասարակական կազմակերպությունների աշխատանքը որոշ չափով փոխել է պատկերը։

– Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ազդեցություն ունեն հասարակական վերաբերմունքն ու դատապարտումը կանանց վրա։

-Շատ լուրջ ազդեցություն ունեն։ Շատ կանայք պարզապես լռում են իրենց փորձառության մասին՝ վախենալով դատապարտումից։ Այդ լռությունն է, որ հաճախ բերում է ոչ անվտանգ միջամտությունների՝ ստվերային պայմաններում։ Բարոյական դատապարտումը ոչ թե կանխում է հղիության արհեստական ընդհատումները, այլ մղում է վտանգավոր որոշումների, որը կարող է հանգեցնել ողբերգակական ավարտի՝ ընդհուպ կնոջ մահվան։

– 2017 թվականից գործում է սեռի բացահայտման արգելք մինչև հղիության 12-րդ շաբաթը։ Արդյո՞ք այն արդյունավետ է եղել։

-Արգելքը մասնակի արդյունք է տվել, բայց չի լուծել խնդիրը։ Որոշ ընտանիքներ սկսեցին օգտվել «սեռի հաշվարկ» կոչվող միֆական մեթոդներից կամ դիմել մասնավոր կլինիկաների, որտեղ արյան անալիզի միջոցով հնարավոր է հղիության վաղ ժամկետում բացահայտել սեռը։ Այսինքն՝ առանց հասարակական մտածողության փոփոխության միայն իրավական սահմանափակումները չեն կարող արդյունավետ լինել։

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ մոտեցում պետք է ունենան պետությունն ու հասարակությունը այս հարցում։ Ի՞նչն ենք սխալ անում:

-Պետք է կենտրոնանալ ոչ թե արգելքների, այլ աջակցության վրա։ Կանանց պետք է ապահովել հասանելի վերարտադրողական առողջապահությամբ, հոգեբանական խորհրդատվությամբ, սոցիալական ծրագրերով։ Անհրաժեշտ է ներդնել սեռական կրթություն դպրոցներում և զարգացնել ընտանիքների աջակցության մեխանիզմները։ Հասարակությունը նույնպես պետք է փոխի իր վերաբերմունքը․ կնոջ ընտրությունը դատապարտելու փոխարեն պետք է լսել նրան։ Դա առաջին քայլն է դեպի առողջ ու տեղեկացված որոշումներ։

– Ի՞նչ ասել այն կանանց, ովքեր կանգնած են նման բարդ ընտրության առաջ։

Նախ՝ պետք է հասկանալ, որ ոչ ոք իրավունք չունի դատել նրանց։ Կարևոր է, որ նրանք տեղեկացված որոշում կայացնեն՝ բժշկի, հոգեբանի և անհրաժեշտության դեպքում սոցիալական աշխատողի օգնությամբ։ Հղիության արհեստական ընդհատումը միայն բժշկական միջամտություն չէ, այլ նաև հուզական փորձություն, և այստեղ ամենակարևորը աջակցությունն է, ոչ թե քննադատությունը։

Լուսանկար՝ Անահիտ Մաղաքելյան

Հեղինակ՝ Մարիամ Աբրահամյան